16 05 2019

Նախկինում պաշտոնյայի հարևանը լինելու համար բնակարանը թանկ էին վաճառում. Սարհատ Պետրոսյան

Նախկինում պաշտոնյայի հարևանը լինելու համար բնակարանը թանկ էին վաճառում. Սարհատ Պետրոսյան

Արարատի մարզի Ռանչպար համայնքում ավազի հանքի զբաղեցրած տարածքի շատ քիչ մասն է գրանցված որպես հանք, հանքի զգալի մասը զբաղեցնում է քաղաքացիներին պատկանող գյուղատնտեսական հողերը։ Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով իր կղմից գլխավորած կառույցի հայտնաբերած խախտումների մասին։

«Բնականաբար կան խնդիրներ, և դրանք բազմաթիվ են։ Կադաստրի կոմիտեն իմ գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի, բայց մենք չունենք որպես այդպիսին տեսչական  գործառույթներ, և բոլոր բացահայտումները, որոնց դեպքում մենք կարծում ենք կան դիրքի չարաշահում, եթե նույնիսկ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատողների պատճառով է եղել, կամ այլ ռիսկերի դեպքում ուղարկվում են իրավապահ մարմիններին։ Ուզում եմ շեշտել, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ-ում նաև սեփականության իրավունքի երաշխավորն է, և իմ անձնական մոտեցումն է, որ մենք պետք է զերծ մնանք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց, և այդ բոլոր հնարավորությունները տալ իրավապահ մարմիններին, որոնք հետամուտ են լինում մեր բացահայտումներին։ Այս դեպքերը բազմաթիվ են, ասուլիսի ժամանակ 2-3 մլն դոլարն էինք հնչեցրել,  այս ընթացքում այդ թիվը միգուցե կրկնապատկվել է»,- նշեց նա՝ որպես խախտման օրինակ բերելով միայն Ռանչպար համայնքի ավազահանքի դեպքը.

«Ռանչպար համայնքում ավազի հանքը իր զբաղեցրած տարածքի շատ քիչ մասն է, որ որպես հանք գրանցված է, հանքի զգալի մասը զբաղեցնում է քաղաքացիներին պատկանող գյուղատնտեսական հողեր։ Նյութերն ուղարկվել են վարչապետի վերահսկողությանը։ Այդ դեպքերը բազմաթիվ են՝ կան հայտնի և անհայտ անուններ»։

Հարցին՝ նախկին իշխանության հետ առնչվող մարդկանց հետ են կապված խախտումները, նա ասաց. «Չեմ կարող ասել, թե ում հետ են կապված, կան անուններ, որոնք գուցե ձեզ ծանոթ լինեն, բայց բնականաբար եղել են նախկին կառավարությունների աշխատանքի ընթացքում»։

Անդրադառնալով բնակարանի գների բարձրացմանը նա ասաց, որ 2-3 պատճառ են մատնանշում. «Բնականաբար, առաջնայինը և շոշափելին անցած տարվա փոփոխություններն են, որոնք հանրության և բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, ինչը ազդել է պահանջարկի վրա։ 2-րդը՝ հիփոթեքի շուկայի ակտիվացումն է, մենք այժմ ունենք միջինը 6.5 տոկոադրույքով հիփոթեքային վարկեր։ 3-րդը՝ կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ հեշտ է շինարարական գործունեություն ծավալելը, ուստի մի շարք փոքր և միջին կառուցապատողներ, որոնք նախկինում թույլտվության խնդիր ունեին, հիմա շատ ավելի հեշտացել է և նոր խաղացողներ են առաջ եկել»,- նշեց Սահրատ Պետրոսյանը։

Դիտարկմանը, որ փորձագետները 2007-2008 թվականի պես բնակարանների կտրուկ աճ են կանխատեսում, նա ասաց. «Մենք դեռևս շատ հեռու ենք 2007-2008 թվականների վիճակից, երբ շոշափելի աճ է գրանցվել բնակարանի գների առումով, նաև ենթադրում եմ՝ կային բավականին ֆինանսական հոսքեր, այս դեպքում հաշվի առնելով ներկա կարգավորումները, կարծում եմ, դժվար այդ վիճակում հայտնվենք»։

Կենտրոնում բնակարանների չարդարացված գների մասին խոսելով նա ասաց. «Նախկինում մենք ունեինք շենքեր, որտեղ այս կամ այն պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին տները թանկ լինել, հիմա նման բան չկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ