15 05 2019

Ղարաբաղյան կարգավորման հարցում դրական ազդակներ կան. ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան կարգավորման հարցում դրական ազդակներ կան. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կարծիքով՝ Լեռնային  Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։ 

Դեսպանի խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հանդիպումների մասին, բայց գործընթացը լավատեսություն է ներշնչում։ Լին Թրեյսին կարծքում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները  նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Ըստ նրա՝ կան նաև այլ դրական ազդակներ։

Դեսպանը նաև նշել է, որ տեղեկություն չունի հայ-ամերիկյան բարձր մակարդակով այցերի մասին:

«Անցած շաբաթ այստեղ գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չի գնահատվում: Անցած շաբաթ տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը Նահանգների ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում է գործակցության և համատեղ աշխատանքի շուրջ մեր երկկողմ հանձնառության մասին»,- ասաց Թրեյսին։

Անդրադառնալով հայ-իրանական կապերին՝ ԱՄՆ դեսպանը նշեց, որ  ԱՄՆ-ն հասկանում է՝ Հայաստանի համար անչափ կարեւոր է հարավային սահմանը։

«Մենք չենք խնդրում, որ Հայաստանը դադարեցնի Իրանի հետ իր առեւտուրը: Մենք շահագրգռված չենք այս երկրի եւ շատ կարեւոր հարեւանի միջեւ օրինական առեւտրին միջամտությամբ»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ