14 05 2019

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հարցաքննել ՍԴ նախկին դատավորներին

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հարցաքննել ՍԴ նախկին դատավորներին

Մայիսի 14–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ այն դրվագին, թե իբր ինքը ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել՝  պնդելով, որ պետք է հարցաքննել ՍԴ նախկին դատավորներին։

«Ինձ մոտ հարց է առաջանում․ հիմա դատախազներն ասում են, որ այս փուլի հարց չի։ Համաձայն եմ, պետք է քննություն իրականացնելու ժամանակ բոլորը հարցաքննվեին, քանի որ այն ժամանակ այս կարևոր դրվագի վերաբերյալ ուղղակի ուղղորդված քննություն են վարել, դրա համար սա դառնում է այս փուլի հարց։

Երբ հարցաքննում են երկուսին՝ հասկանալով, որ հեռանկար այստեղից չկա, կանգնում են և չեն շարունակում, ես սա ուղղակի ընդունում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում։ Եվ քանի որ գործին ծանոթ եմ, հարգելի դատարան, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջորդ հարցերը չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Եվ այստեղ, այո, ես պնդում եմ, որ այդ մարդիկ պետք է հարցաքննվեն այն պատճառով, որ չեն արել ժամանակին, և դատախազը, ով վերահսկել է, այդ հարցը չի տվել՝ ինչու չես շարունակում։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ