13  05  2019

Հայաստանի համար մեկ գործը՝ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում

Հայաստանի համար մեկ գործը՝ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում

Համաշխարհային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը՝ կապված 2008 թվականի մարտի մեկի դեպքերի հետ։

Այս անգամ գործին անդրադարձել է աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից «Ֆրանս պրես»-ը։ Անդրադառնալով թեմային, հեղինակավոր գործակալությունը նշում է, որ դատավարության օրը Ռոբերտ Քոչարյանի տասնյակ աջակիցներ բողոքի ակցիա են արել, որոնք ուղեկցվել են «Քոչարյանը քաղբանտարկյալ է» և «քաղաքական վենդետա» գրություններով պաստառներով։

«Մոխրագույն գործնական կոստյում հագած՝ Ռոբերտ Քոչարյանն անխռով տեսք ուներ․ նա ժպտաց իր աջակիցներին, ովքեր «Ազատություն» բացականչեցին»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ ՀՀ նախկին նախագահը համարում է, որ իր հետ կատարվող գործընթացն ապօրինություն է, և ՀՀ ներկայիս իշխանությունն իրեն մեղավոր է նշանակել, իսկ դատական համակարգն այժմ ծառայում է քաղաքական ղեկավարին։

«Ֆրանս Պրես»-ը հիշեցնում է, որ 2008թ․ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո լարվածությունը վերածվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումների։ 2009 թվականին ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց 2008 թվականի հետընտրական բողոքի ցույցերը կազմակերպելու համար և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականին համաներվեց։

Գործակալությունը մեջբերում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերը, ով նշել է, որ մոտակա նպատակը Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատելն է։ Փաստաբանը հավելել է, որ դատավարությունը կարող է մի քանի տարի տևել։

Գործակալությունը հավելում է․ «Քոչարյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ոգևորված չեն՝ պարզելու, թե ում վրա է 10 զոհերի պատասխանատվությունը իշխանության համար անցանկալի փաստերի բացահայտումների վախի պատճառով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ