11 05 2019

Ավելացող հավակնություններ, նվազող վարկանիշ․ Panorama.am

Ավելացող հավակնություններ, նվազող վարկանիշ․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Եթե վարչապետը շարքային մաքսավորին  աշխատանքից ազատվելու հրահանգ է տալիս՝  պետական խորհրդանիշ դրոշին իբր անվայել  վերաբերվելու  համար, ուրեմն ինքն էլ պետք է հրաժարական տա՝ պետության առաջին դեմքին ոչ պատշաճ պահվածքի, բառապաշարի   և բացահայտ անհավասարակշռվածության համար, քանի որ դրանով ինքն ավելի մեծ վնաս է հասցնում երկրին:

Ոչ ոք Փաշինյան Նիկոլից չի ակնկալում Ելիզավետա թագուհու պալատական  էթիկետի իմացություն կամ տոհմային  ազնվականի դիվանագետական հմտություններ:  Բայց կասկածից դուրս է, որ նա պարտավոր է տիրապետել   վարվելակերպի  ամենատարրական կանոններին՝ առնվազն միջին վիճակագրական հայաստանցու  չափով: Իսկ միջին հայաստանցին գիտի դանակ-պատառաքաղ օգտագործել և ծամելով չխոսել գոնե տեսախցիկների առաջ.  չքորվել  և  անընդհատ քիթ-ականջին չդիպչել զրույցի ժամանակ,  հարգել իր և ուրիշների ժամանակը ու հինգ ժամ  մամուլի ասուլիս չանել «ծառի կանաչ տերևը, կանաչ ծառի տերևը, տերևը» կրկնաբանություններով: 

Եթե քաղաքացին ֆիզիկապես ի վիճակի չէ հինգ րոպեից ավել լսել իր պետության ղեկավարի  մեկ տարվա հաշվետվություն-ասուլիսը, ուրեմն խաթարված են մի քանի լուրջ չափանիշներ... ուրեմն քաղաքացին չի հավատում,  չի վստահում, չի  ընդունում նրան:

Մենք հայերս, ամեն դեպքում, հինգ հազար տարվա  քաղաքակիրթ ազգ ենք, և վեհանձն ու համակրելի  առաջնորդ ունենալու  ներքին պահանջմունք ունենք: Չգիտի՝ թող սովորեցնեն: Դժվար թե հեշտությամբ լեզուներ յուրացնող անձնավորության համար, ցանկության դեպքում,  անհնար  լինի վարվեցողության այբուբենը սովորել:

Կառավարությունում էլ  կարծես թե խորհրդական-վարսավիր-իմիջմեյքերի էին աշխատանքի ընդունել...Կամ եթե գտնում են, որ  իրենք կատարյալ են և փոխվելու խնդիր չունեն,  կա մեկ  այլ տարբերակ՝  ի լուր աշխարհի հայտարարել, որ Փաշինյանը միայն իրեն ձայն տված 884 864  հայաստանցիների  վարչապետն է, իսկ ընտրություններին չմասնակցած կամ այլ ուժերի ձայն տված մնացած  1 708 276-ի հետ գործ չունի   (հիշեցնենք՝  2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է  ընտրելու իրավունք ունեցողների 48,63%-ը,  ընտրողների ընդհանուր թիվը  եղել է 2 593 140,  քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 261 105): 

Այնքան էլ աբսուրդ տարբերակ չի, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ինքն էր ի սկզբանե քաշել բաժանարար գիծը և խստորեն պահպանում է այն:  Իսկ  մայիսի 8-ի ասուլիսում կարծես թե սպառնալից ակնարկներ հնչեցին  փողոց փակելու դիմաց  փողոց փակելու մասին, նոր հեղափոխություն անելու մասին... այսինքն՝ պատրա՞ստ է  նույնիսկ  ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ հանել:

Ցավոք, 100 տոկոսանոց վստահությամբ չենք կարող բացառել այդօրինակ փորձերը, մանավանդ տեսել ենք, որ  վարչապետը  հանգիստ  կարող է անջրպետվել արցախցիներից՝  հայտարարելով,  որ ինքը իրավունք չունի ներկայացնել Արցախի ժողովրդին... բայցև  պատրաստ է նույն այդ ժողովրդով  «հակահեղափոխականների» դեմ հեղափոխություն անել Արցախում...

Այ, էսպես էլ ապրում ենք՝  չհասկանալով, թե վարչապետի որ խոսքին հավատանք, բայց ակնհայտ է, որ նրան դուր  է եկել հեղափոխություն անելու պրոցեսը:

Աբսուրդ է, երբ պետության առաջին դեմքը շարունակում է   հանդես գալ թերթի խմբագրի կամ ընդդիմադիր պատգամավորի սկանդալային  կերպարով՝  չգիտակցելով, որ վաղուց են այդ հնարքները կորցրել իրենց ազդեցությունը անգամ իրեն ընտրած  884 864-ից շատերի համար: Իրավունք ունի՞ Փաշինյանն  անտեսել այն հանգամանքը, որ տարբեր պետությունների  շահերի բախման կետում հայտնված երկրի ղեկավարի    ամեն բառն ու շարժումը դիտարկվում են խոշորացույցով, և բարձր տեխնոլոգիաների այս դարում  վայրկենաբար տարածվելով աշխարհով մեկ՝ վեր են հանում   սուտն ու կուլիսային պայմանավորվածությունները:

Մենք   Ամերիկա կամ Կորեա չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ   էպատաժային  ղեկավար ունենալու շքեղությունը:   Մերը պետք է զինվոր ու դիվանագետ լինի, պետք է դիրքավորի իրեն որպես  բոլոր հայերի բարեկամ Հայաստան-Արցախ-Սփյուռքում,  պետք է պաշտի  մեր հողն ու  պատմությունը:  Դա է առաջնայինը, ոչ թե կոնյուկտուրային կուսակցական խաղիկները...  չէ՞ որ հենց այդ պատճառով  ժողովուրդն օգնեց իշխանությունից  հեռացնել  ազգայնական ՀՀԿ-ին (անշուշտ ժամանակավորապես): 

Իշխանությունը զավթած  օտարասեր քայլածները արագացված տեմպերով կրկնում են նույն այն սխալները, որոնք հանգեցրին նախորդների  հեռացմանը: Շատ արագ կորցրեցին այս իշխանավորները իրականության զգացողությունը, շատ արագ կտրտեցին իրենց պահող ճյուղերը, շատ արագ բռնեցին գահավիժման ճամփան, շատ արագ գործի դրեցին   հակառակորդներին վերացնելու  սխալ մեխանիզմը,  որը թափ առնելով այլևս չի կանգնելու և նույն արագությամբ էլ  անողոքաբար  իրենց է ոչնչացնելու (Կաֆկայի  ստեղծագործությունը չհիշեցի, որ նշեմ): 

Փաշինյանն իր շրջապատով  անսպառ նյութ կդառնա ապագա  պատմաբանների, հոգեբանների և այլ մասնագետների համար՝  պատահմամբ իշխանության հասած  անձի կրած փոխակերպումների առումով:

Ինչ արագությամբ  որ կատարվում է Փաշինյանի այլափոխումը, նույն արագությամբ էլ ընկնում է նրա վարկանիշը, ինչը նա համառորեն չի նկատում: Իշխանությամբ վարակված լինելու նախանշաններից է՝ չնկատել այն, ինչ քեզ ձեռնտու չի և շարունակել  ապրել պատրանքնային հաղթանակներով: Բայց ուզի-չուզի, ստիպված է լինելու սթափվել և կողմնորոշվել՝  վերջապես դառնո՞ւմ է երկրի իրական առաջնորդ, թե մնում է մեկ թիմի շեֆ: Թիմ, որն արդեն ճաքեր է տալիս, ինչով և բացատրվում ներիշխանական ահագնացող պայքարը:  Վերջի զգացողություն է թևածում օդում, բումերանգն սկսել է թափով հետընթացը:

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ