07 05 2019

Ձեր հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը չզրկվեց իր հայրենիքից. ՊՆ-ն՝ վետերաններին

Ձեր հաղթանակի շնորհիվ  հայ ժողովուրդը չզրկվեց իր հայրենիքից. ՊՆ-ն՝ վետերաններին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ վետերանները հավաքական նույն կերպարով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ:

«Հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում: Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են: Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,- ընդգծել է  Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է վետերաններին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը մի շարք վետերանների պարգևատրել է խոհրդանշական հուշամեդալներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ