01  05  2019

Առաջարկում են հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը

Առաջարկում են հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ:

Այս առնչությամբ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդագրություն է տարծել, որտեղ ասվում է.

«2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում:

Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցելու սահմանափակումը և թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին:

Ինչպես նաև առաջարկում էինք հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետև այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»:

Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին և Երևանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատարմագրելու լիազորություն:

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ և առաջին երկու առաջարկները մերժվել են:

Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է:

Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը ևս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են: Նա նշեց, որ շուտով Երևանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձևափոխություններ և առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաև դեպի դահլիճ (ԱԺ-ի պես): Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով և դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Երրորդ առաջարկն ընդունելի էր և համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երևանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման և միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով:

Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը: Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երևանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է և մոտեցում:

Նիստերի դահլիճին կից հատուկ տեղ առանձնացնելու վերաբերյալ կցանկանայի լսել լրատվամիջոցների կարծիքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ