30 04 2019

Ղազախստանի վարչապետն այցելել է «Թումո»

Ղազախստանի վարչապետն այցելել է «Թումո»

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում  Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Թումո»-ի հնարավորությունները, ծանոթացրել ստեղծված պայմաններին, կրթական ծրագրում ընդգրկված 14 ուղղություններին տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:  Նշվել է, որ  12-18 տարեկան պատանիներն այստեղ  սովորում և զարգացնում են իրենց հմտությունները 21-րդ դարի ոլորտներում` գործնական դասընթացների և ինքնուսուցման համակցման ֆորմատով։

Հյուրերը շրջել են  ուսումնական տարածքով, զրուցել ուսանողների հետ: Ծանոթացել ուսանողների «Հիփ- հոփ»  ֆոլք խմբիին, որը փոքրիկ երաժշտական կատարում է ներկայացրել։

Ասկար Մամինը ծանոթացել է նաև Թումոյի ռոբոտաշինության դասընթացի մանրամասներին։ Այստեղ բարձրաստիճան հյուրին ներկայացրել են իրենց ձեռքբերումները՝ հատկապես Թումոյի ռոբոտաշինության թիմի բրոնզե մեդալը Ռոբոտաշինության FIRST GLOBAL օլիմպիադայում, որին մասնակցել է 160-ից ավելի երկիր։ Թումոյի ուսանողների ստեղծված «Yelling» ստարտափում էլ,  որը անիմացիաներ է ստեղծում, ներկայացվել են գործունեության առանձնահատկություններն ու շրջանակները։

Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում և Արցախում արդեն գործում է 4 Թումո կենտրոն՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ 2018-ին կենտրոններ են բացվել նաև Փարիզում և Բեյրութում։ Թումոյի հաջորդ կենտրոնը Հայաստանում արդեն կառուցվում է սահմանամերձ Կողբ գյուղում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ