29 04 2019

Քաղաքացու օրը. տոն, որ այդպես էլ քեզ հետ չէ․ Yerkir.am

Քաղաքացու օրը. տոն, որ այդպես էլ քեզ հետ չէ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Քաղաքացու օր տոնի լուսանկարներն ու տեսագրությունները պատկերում են փակված փողոցներում խորոված անող ու պարող մարդկանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երջանիկ դեմքով խորոված է պատրաստում ու հյուրասիրում, լուսանկարվում քաղաքացիների հետ:

Ազգային ժողովը ի հավերժացումն անցյալ տարվա «թավշյա հեղափոխության», ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց Քաղաքացու օր տոնը, որ այս տարի նշվեց ապրիլի 27֊ին։

Իսկ 18 օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն աշխատանքից հեռացրել էր մաքսատան աշխատակիցների, հեռացրեց միայն այն պատճառով, որ այն սենյակում, ուր աշխատողն է նստում, Հայաստանի դրոշն ինչ-որ «սխալ» տեղ էր դրված: Հա, նաև այն բանի համար, որ վարչապետին տեսնելիս ձիգ չի կանգնել, կանգնել է, բայց ուսերը պարանոցից հետ չի տարել։

Չէ, վարչապետը չի հեռացրել նրան, ավելի վատ բան է արել՝ ստիպել է դիմում գրել, դուրս գալ աշխատանքից, այսինքն` քաղաքացիական կամքն է կոտրել, ստիպել է, որ ինքը թղթի վրա գրի, որ իր կամքով է դուրս գալիս։

Այս պատմությանը ծանոթանալով՝ Մոնրեալի UQAM համալսարանի քաղաքագիտության  պրոֆեսոր, արհմիությունների հիմնադիր Դավիդ Մանդելն ասաց. «Ինչ կարելի է ասել նման վարքագծի մասին` սա ժողովրդավար ղեկավարի պահվածք չէ, այլ մի «самодур»-ի, որն արհամարհում է ժողովրդին: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կկարողանա վարչապետին հիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թե հակառակը, և որ, եթե պետք լինի, նրան էլ կարող են նույնքան արագորեն ազատել աշխատանքից»:

Самодур ռուսերեն բառ է, հայերեն համարժեքը քմահաճն է, բայց գրական բառը այնքան էլ չի արտահայտում այն ամբարտավան կամայականությունն ու  ստորացնող քմահաճությունը, որ կա ռուսերենի մեջ։

Բայց որտեղից է գալիս աշխատանքից հեռացնելու այդ ձևը՝ աշխատավորին պարտադրելը` «դիմում կգրես, աշխատանքից դուրս կգաս»։

Արմատները շատ հեռու են` 1917 թվի Ռուսական հեղափոխության մեջ, երբ աշխատավորները՝ բանվորներն ու գյուղացիները, հեղափոխություն արեցին, սակայն այն յուրացրեց կոմունիստական կուսակցության վերնախավը։ Այո, ընդունված է 1917 թվի հեղափոխությունը վերագրել բոլշևիկներին, բայց Դավիդ Մանդելը իր «Պետրոգրադի աշխատավորները 1917 թվի հեղափոխություններում» աշխատության մեջ ցույց է տալիս, որ այդպես չէ, որ փետրվարյան հեղափոխությունից հետո հաստատված համերաշխության մթնոլորտը խորտակում է բուրժուազիան` իր շահերի համար և աշխատավորներին հպատակեցնելու ծրագրերով, և աշխատավորները ստիպված նախաձեռնում են հեղափոխության հաջորդ փուլը, որը նկատելով՝ բոլշևիկներն առաջ են նետվում։

Խորհրդային միությունն իրեն հռչակում է աշխատավորների երկիր, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար էին և պետք է ապակենտրոն ու ինքնակառավարվող սովետների միջոցով կառավարեին երկիրը։ Սակայն հեղափոխության գաղափարները շատ արագ դավաճանվեցին, և իշխանությունը յուրացնելով՝ Կոմունիստական կուսակցության վերնախավը հաստատեց Կոմկուսի տիրապետություն և հպատակ քաղաքացիների հարաբերություններ. Ստալինյան սահմանդրությամբ երկրի ղեկավարը դարձավ կոմկուսը, որն էլ ձևական ընտրությունների քողի տակ նշանակում էր սովետների նախագահներին։ 

Խորհրդային միությունում ոչ թե վերացան կապիտալիստական աշխարհի հաստատությունները, այլ հակառակ իմաստով օգտագործվեցին: Օրինակ` նախկինում մայիսի 1-ը` աշխատավորների, իսկ մարտի 8-ը կանանց իրավունքների պայքարի օրերն էին: Սովետում դրանք վերածվեցին տոների. աշխատավորն արդեն հաղթել է, նա իր երկրի տերն է, ուրեմն` այլևս ոչ թե պետք է պայքարի իր իրավունքների համար, այլ ամեն տարի տոնի իր հաղթանակը, ինչպես կրոնների մեջ ամեն տարի նշում են Փրկչի ծնունդը։

Նույնն էլ` արհմիությունները, դրանք մնացին, բայց ոչ թե ինչպես կապիտալիստական աշխարհում` որպես աշխատավորների իրավունքները պաշտպանող քաղաքացիական   հաստատություններ, հակակշիռ սեփականատիրոջը կամ գործատուին, որ թույլ չտան` նրանք միանձնյա որոշեն աշխատավորների ճակատագիրը, այլ աշխատավորների երջանկությունը լիարժեք դարձնող բաժիններ, որ հանգստյան ուղեգրեր էին բաժանում։ Սովետը ներկայացնում էր, թե  այլևս, կապիտալիստական իմաստով, արհմիության կարիք չկա, քանի որ երկիրն ընկերային է, աշխատավորներինն է, հո աշխատավորն ինքն իրենից իր իրավունքը չէ՞ր պաշտպանելու։ Եթե մեկը փորձեր հակառակը պնդել, աշխատավորի իրավունք պաշտպանել, կորակվեին բուրժուական գործակալ կամ նման մի բան: Իսկ եթե ավելի հետևողական լիներ և փորձեր գործադուլով կամ մի այլ կերպ բողոքել, կգնդակահարվեր ինչպես 1962-ին եղավ Նովոչերկասկում։

Խորհրդային հիմնարկն ուներ երեք ղեկավարություն՝ տնօրինություն, Կոմկուսի քարտուղար, արհմիության նախագահ, որոնք բոլորը կոմկուսի անդամ էին, և բոլորին նշանակում էր Կոմկուսը, իհարկե ֆորմալ ընտրություների միջոցով:

Որպեսզի առերևույթ երևար թե երկիրն աշխատավորներինն է, հնարավորինս պետք է  թաքցվեր վերադաս Կոմկուս և ստորադաս աշխատավորներ հարաբերությունը, և երբ վերադասը ուզում էր որևէ մեկին աշխատանքից հեռացնել, պետք է այնպես ներկայացներ, որ ոչ ոք նրան չի ստիպել, որ աշխատավորն է իր կամքով դուրս եկել: Ինչպե՞ս. տնօրենն աշխատավորին կանչում էր իր մոտ ու ասում՝ դիմում գրի, դուրս արի։ Կարո՞ղ էր չգրել: Եթե չգրեր` հրամանով կհեռացվեր աշխատանքից, և հեռացվածի պիտակը կփակցվեր աշխատանքային գրքույկում, ու կդառնար հասարակության համար անցանկալի տարր, մեկը, որն իր վարքով խոչընդոտում է աշխատավորների երկրի զարգացմանը, կդառնար գրեթե հակասովետական տարր։

Սովետի փլուզումից հետո հետսովետական երկրները տարբեր ուղիներով գնացին, օրինակ` Մերձբալթյան հանրապետություններում արհիմությունները վերածվեցին աշխատավորների իրավունքները պաշտպանող հակակշիռների, իսկ Հայաստանում  արհմիությունները վերացան, և աշխատավորները լրիվ անպաշտպան մնացին գործատուների առջև։

Հետսովետական մեկ այլ երկրում էլ՝ Ռուսաստանում, աշխատավորների իրավուքները թույլ են պատշպանված, սակայն, ի տարբերություն Հայաստանի,  ստեղծվում են արհմիություններ, կան աշխատավորների իրավունքների պաշտպանության շարժումներ: Ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ աշխատավորի իրավունքների կոպիտ խախտում է, երբ  նրան ասում են ազատման դիմում գրել։ «Սեփական ցանկությամբ աշխատանքից հեռանալու նախաձեռնողը միայն կարող է լինել ինքը՝ աշխատավորը։ Հակառակ դեպքում` դա կլինի ոչ թե աշխատավորի, այլ գործատուի ցանկությունը։ Ղեկավարության կողմից այդպիսի խնդրանքները հակաօրինական են»։ http://www.aif.ru/money/business/rabotodatel_zastavlyaet_uvolitsya_po_sobstvennomu_zhelaniyu_chto_delat  

Փաշինյանը չխնդրեց, հրամայեց։

Վարչապետի թիրախը ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյան էր, նրա սենյակում էր դրոշակը «սխալ» վիճակում եղել։ Մի քանի օր անց մամուլը հաղորդում է, որ դիմում են գրում և աշխատանքից դուրս գալիս նրա հետ նաև այլ աշխատակիցներ։ Մաքստան աշխատակիցները ոչինչ չէին կարող անել, ոչ արհմիություն  կա որ նրանց պաշտպանի, ոչ էլ կփորձեն դատարան դիմել, որ նոր գլխացվանքի մեջ չընկնեն, ինչպես Սովետում. այնպես էլ Հայաստանում, հետագայում քիչ թե շատ նորմալ աշխատանք ստանալու համար պետք է հնազանդ լինել իշխանությանը։

Խորհդային Միության փլուզումից հետո Հայաստանում ստեղծվեց նախարհմիութենական կապիտալիզմ, այսինքն` այն, ինչ եղել է Արևմուտքում 150-200 տարի առաջ, առանց կամ գրեթե առանց քաղաքացիական կորիզը հանդիսացող արհմիությունների, գումարած աշխատանքից հեռացման խորհրդային ձևը։

Անցյալ տարի թավշյա հեղափոխություն անունը կրող շարժումն էլ հենց անկախության 29 տարիների անարդարության կուտակման բռնկումն էր, որ հանգեցրեց իշխանափոխության։

Եվ եթե այն նույն Հայաստանը շարունակվում է անցյալ տարվա փոփոխությունից հետո էլ, ավելին՝ արդեն հրապարակայնորեն է ոտնահարվում աշխատողի իրավունքը, ապա այն հեղափոխություն  անվանելը դժվար է, եթե, իհարկե, այլևս հեղափոխությունը ոչ թե իշխող գաղափարախոսության, համակարգի փոփոխություն է, այլ այն, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց ու մի վարչապետին փոխարինում մեկ ուրիշով։

Սակայն համաժողովրդական ալիքը չունեցավ գործող իշխանություններին հակադրվող գաղափարախոսություն։ Այսուհանդերձ, այն ինչ եղավ մեկ տարի առաջ, անվանել էին հեղափոխություն, ուրեմն պետք է ամեն տարի նշել, իսկ նշելու համար  անհրաժեշտ էր ինչ-որ գաղափարական անուն տալ։ Բայց ի՞նչ անուն։

Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքն ուղղելով ցուցարարներին, սկսում էր «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի» արտահայտությամբ, սակայն ո՞վ էր այդ ՀՀ քաղաքացին՝ սեփականատե՞րը, աշխատավո՞րը, գործազո՞ւրկը, ընչազո՞ւրկը, պետական ծառայո՞ղը, հանրապետակա՞նը, դաշնակցակա՞նը, քաղաքացիականպայմանագրակա՞նը, թե՞ բոլորը, քանի որ հետն էլ հայտարարում էր՝ «սիրո և հանդուրժողականության հեղափոխություն»։ Այսուհանդերձ, պարզ չէր, և ոչ ոք չէր պահանջում պարզաբանում, շատ ավելի հզոր էր իշխանությունը տապալելու, քան հռետորի խոսքը պարզաբանելու ցանկությունը։

Միայն վարչապետ դառնալուց հետո սկսեց ուրվագծվել, թե ովքեր են Փաշինյանի համար հպարտ քաղաքացիները՝ ավելի սպիտակները, քան սևերը, ավելի նրանք, ովքեր տեղ ունեն նոր Հայաստանում, և ավելի նվազ նրանք, ովքեր տեղ չունեն նոր Հայաստանում (համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին էր ասել, թե նա տեղ չունի նոր Հայաստանում)։ Փաշինյանը քաղաքացներին սկսեց շերտավորել ու սորտավորել. բարձր կարգի քաղաքացիներ են սեփականատերերը և ցածր՝ ընչազուրկները  (անցյալ նոյեմբերին վարչապետը ասում էր. «Սեփականատերն ասում է 4 տարի ա ես չեմ կարում 2 մարդ ընդունեմ աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, որովհետև մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատության նպաստից կզրկվեն»: Տե'ս այս մասին թե ինչպես են աշխատավորները շահագործվում սեփականատերերի մոտ https://inknagir.org/?p=9241 ):

Ապա` բարձր կարգ են նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում, ցածր՝ թոշակառուներն ու գործազուրկները` «800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռռա»: Ավելի բարձր կարգ են նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում՝ «բարձր աշխատավարձ ստացողը  մեր պատկերացրած քաղաքացին է»: Իսկ ինչքան ցածր, այնքան մերժելի, ամենամերժելին՝ սևագործ բանվորներն են` «ի՞նչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ մեր երկրում սեւագործ բանվորների հասարակությո՞ւն լինենք» ( Փաշինյանը այսպես էր հիմնավորում հարկային այն փոփոխությունը, որով վերացվելու է պրոգրեսիվ եկամտահարկը և փոխարինվելու համահարթով)։

Բայց Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի ձեռքին է, և աշխատեցնելով  անցյալ տարվա հեղափոխական օրերի «ՀՀ հպարտ քաղաքացի» անորոշ ձևակերպումը՝ ԱԺ֊-ն հեղափոխությանը գաղափարական հագուստի մեջ է խցկում՝ տոն սահմանելով Քաղաքացու օրը։

Ի՞նչ են հասկանում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները` քաղաքացի ասելով: Պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասում է. «ՀՀ անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիները այս տոնի կրողներն են»: Ուրեմն,  Հայաստանի քաղաքացիությո՞ւնը, բայց այդ քաղաքացիությունը ստեղծվել է 1991  թվին, երբ Հայաստանը հռչակվեց անկախ, ուրեմն` անձնագրի օրը սեպտեմբերի 21-ն է։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար քաղաքացին հարկ վճարողն է, բայց ոչ ամեն մի պետության հարկ վճարողը, նա, ով վճարում է հարկ միայն հայկական պետականությանը՝ լինի այն թագավորություն, ուր ոչ թե քաղաքացիական հասարակություն է, այլ տիրակալ և հպատակ հարաբերություններ են, թե`  հանրապետություն, ուր կարող է հռչակվել քաղաքացիական հասարակություն, սակայն հարաբերությունները մնան տիրակալի ու հպատակի։ Միրզոյանը Բագրատունիների միապետության  հպատակ ճորտ գյուղացու մեջ քաղաքացուն է տեսնում, նա ասում է. «Հարյուրապատիկ դժվար է լինել քաղաքացի, քանի որ 1000 տարի առաջ մենք կորցրեցինք պետականությունը։ 1000 տարի առաջ մենք կորցրինք մեր պետականությունը եւ դրան հաջորդող 1000 տարիների ընթացքում սովորեցինք ապրել այնպիսի պայմաններում, երբ հարկահավաքը մերը չէր, ոստիկանը, տեղական ադմինիստրացիան, կենտրոնական իշխանությունը մերը չէր,  օտարինն էր, բանակը մերը չէր, հաղթանակը մերը չէր, մերը մեր տունն ու հողամասն էր»: https://www.youtube.com/watch?v=SGtMeYj78TE 

Միրզոյանը նույն ելույթում նաև ասում է, որ երբ իրենց հարցնում էին` ո՞րն է ձեր ծրագիրը, պատասխանում էին՝ քաղաքացուն արթնացնելը։ Հիմա ծրագիրը քաղաքացուն քնեցնե՞լն է։ Չգիտեմ, բայց վարչապետն իր` դիմում գրելու սովետական պահանջով ապրիլի 9-ին պետական ծառայողի մեջ սպանեց քաղաքացուն։

Ի՞նչ էր զգում Քաղաքացու օրը իր դիմումով աշխատանքից հեռացված Հայկ Մարտիրոսյանը, զգո՞ւմ էր իրեն հպարտ քաղաքացի, նշո՞ւմ էր տոնը, թե՞ ոչ։ Լրագրողները նրա մոտ չգնացին, տոնակատարության կենտրոնում վարչապետի լայն ժպիտն էր։

Քաղաքացու օրը՝  տոն, որ շատ նման է սովետական մայիսի 1-ի Աշխատավորների տոնին, երկուսում էլ զանգվածները տոնում են վերնախավի հաղթանակը»։

Վահան Իշխանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ