29 04 2019

ԲՀԿ-ական պատգամավորը «Իմ քայլ»-ին սթափության կոչ է անում

ԲՀԿ-ական պատգամավորը «Իմ քայլ»-ին սթափության կոչ է անում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վայոց ձորում Քաղաքացու օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

«Այսօր՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը, շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց եւ հուզված մեղադրում էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանին եւ առհասարակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։

Սկսեմ սկզբից.

Որոշակի տեղեկության համաձայն՝ «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում, Վայոց Ձորի մարզում, տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի միջեւ։ 

Սա մեկ.

Երկրորդը` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր՝ Բագրատյանը, հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի եւ քիչ էր մնում ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):

Առաջին հերթին, կցանկանայի մի երկու պարզաբանում տալ՝ այդ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը ցավոք հնչեցվեց մեր գործընկերներոջ կողմից, չգիտեմ գիտակցաբար թե ոչ, կամ գուցե՝ անփորձության եւ ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։

Առաջին` ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել։ Դա սուտ է եւ փաստացի զրպարտություն կամ փոխմարզպետի հիվանդագին երեւակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ եւ տարօրինակ պահվածքը։ 

Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի եւ փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ, ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը)։

Ինչեւիցե, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել եւ մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի)։

Ինչ վերաբերվում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետեւություններ անել ստեղծված իրավիճակից եւ առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ այո՛ «իրավիճակ է փոխվել» եւ պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարհավոր չէ «անուն» ձեռք բերել։

Իսկ թե ինչի՞ համար եւ ի՞նչ նպատակով է այդ սադրանքը իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։

Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները եւ ըստ այդմ կանենք վերջնական եզրակացություններ։

Հ.Գ.Տարօրինակ է, որ վերջերս շատ են մեզ փորձում ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ