28  04  2019

Գոյություն չունեցող ընկերություններին բյուջեից 33 միլիոն են հատկացրել․Politik.am

Գոյություն չունեցող ընկերություններին բյուջեից 33 միլիոն են հատկացրել․Politik.am

Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ  նշեց Քաղաքացու օրը։ Օրերս «Պանորամա․ամ» լրատվականը հրապարակեց մարզերում տոնը կազմակերպող ընկերությունների ցանկը, որը լրատվականը ստացել էր կառավարությունից։ Ընկերություններին կառավարությունը չի ընտրել մրցութային կարգով։

Կառավարությունից «Պանորամա․ամ» լրատվականին մեկ անձից գնումներ կատարելը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ․«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասել էին գործադիր մարմնից։

Politik.am-ը փորձել ՝ պարզել, թե կառավարության հետ մի քանի միլիոն դրամի պայմանագրեր կնքող ընկերությունները որքանով են հայտնի և նախկինում ինչպիսի ծառայություններ են մատուցել։

Պարզվել է, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկությունները Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։

Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ընկերությունը որևէ անգամ  գրանցած աշխատակցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։

Տավուշի մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումները կազմակարպած «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի պաշտոնական կայքի՝ ունի երեք գրանցված աշխատակից։

Արարատի մարզում տոնական միջոցառումների կազմակերպման համար կառավարությունից 9 մլն դրամ  ստացած «Ափ ընդ ափ պրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ունի մեկ աշխատակից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ