22 04 2019

Անցյալին անդրադառնալիս պետք է առաջնորդվել քաղաքական ողջամտությամբ․ կարծիք

Անցյալին անդրադառնալիս պետք է առաջնորդվել քաղաքական ողջամտությամբ․ կարծիք

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթը իր առաջնորդող հոդվածում անդրադարձ էր կատարել մեր հավաքական ոչ վաղ անցյալին անդրադառնալու անհրաժեշտությանը՝ ըստ էության, սադրելով (բառիս դրական իմաստով) հանրային անկաշկանդ դիսկուրս այդ խնդրի շուրջ:

Այն, որ մենք կարիք ունենք հետհայացք գցել անկախության մեր անցած պատմական ուղուն, կարծում եմ՝ վիճահարույց չէ: Խնդիրն այն է թե ի՞նչ նպատակ է պետք հետապնդել անցյալը վերլուծելիս (վերը նշված առաջնորդողը հենց այս հարցադրումն էր կարևորում):

Ֆեյսբուքյան իմ վերջին գրառումներից մեկում, խոսելով մեր պատմական անցյալին անդրադառնալու խնդրի մասին, համոզմունք էի արտահայտել, որ այն անհրաժեշտ է կատարել ոչ թե պատմական այս կամ այն դերակատարին պիտակավորելու, այլ բացառապես պատմությունից դասեր քաղելու նպատակով:

Ապագայում անցյալի սխալներից և սայթաքումներից զերծ մնալու խնդիրը պետք է դառնա մեր պատմության նախընթաց ժամանակաշրջանին անդրադառնալու գլխավոր դրդապատճառը:

Համոզված եմ՝ պատմական իրադարձություններին, ինչպես նաև այս կամ այն լիդերի կամ գործչի պատմական դերակատարմանը օբյեկտիվ գնահատական կարող են տալ միայն ժամանակն ու ապագա սերունդները: Մեր խնդիրը պետք է լինի անցյալի քաղաքական գնահատական տալը՝ նշելով թե՛ դրական ինստիտուցիոնալ ձեռքբերումները (իսկ դրանք առկա են բոլոր երեք նախագահների կառավարման շրջանում) և թե՛ այն բացասականը, որը կաշկանդել է մեր դինամիկ զարգացումը:

Ի դեպ, 1998թ․ նախագահ Քոչարյանին կից գործող քաղաքական ուժերի խորհուրդը, համարյա միաձայն, պահանջում էր տալ Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի գնահատականը: Քոչարյանը զերծ մնաց նման գայթակղությունից, քանի որ համոզված էր, որ այդ գնահատականը որևէ պարագայում չէր կարող լինել օբյեկտիվ և, ուստի, կարող էր պատճառ դառնալ հանրային անտեղի կրքերի բորբոքման համար, խոչնդոտել հանրության կառուցողական կարողությունների մոբլիզացմանը, որի կարիքն այդ շրջանում մենք առանձնապես զգում էինք: Որպես Ազգային ժողովի նախագահ՝ ինքս նույնպես այդ կարծիքին էի և այսօր էլ համոզված եմ, որ դա ողջամիտ մոտեցում էր:

Այս առումով օգտակար է նաև վերհիշել պատմական նման իրավիճակներում քաղաքական մոտեցումների մեզ հայտնի որոշ դեպքեր:

Օրինակ, Նիկիտա Խրուշչովը, անդրադառնալով ստալինյան ժամանակաշրջանի ռեպրեսիաներին, քաղաքական դատավարություններին և Գուլագներին, ԽՄԿԿ 20-րդ համագումարում բավարարվեց այդ ժամանակաշրջանի քաղաքական գնահատականով՝ այն պատմության մեջ մտավ, որպես «անձի պաշտամունքի» ժամանակաշրջան: Այդ մոտեցմամբ Խրուշչովը նպաստեց «քաղաքական ձնհալ» կոչված գործընթացի մեկնարկին, որն էլ դարձավ հանրային կյանքին նոր շունչ հաղորդելու, հատկապես, գիտության և մշակույթի ոլորտում հետագա շեշտակի վերելք ապահովելու նախապայման:

Օրինակ կարող է հանդիսանալ նաև բարեկամ չին ժողովրդի վարքագիծը Առաջնորդ Մաո Ցզե Դունից հետո ընկած ժամանակահատվածում, երբ կալանքից դուրս եկած և իշխանության վերադարձած Դենգ Սյա Պինը, ըստ էության, իրեն հռչակեց իր նախկինի «Հզոր Չինաստան» քաղաքական կուրսի շարունակողը և բոլորովին հարկ չհամարեց անդրադառնալ մաոիզմին և Կուլտուրական Հեղափոխության հետևանքներին՝ թողնելով այդ խնդիրը ապագա սերունդներին և պատմաբաններին, իսկ իրականում անշրջելի քաղաքական երաշխիքներ ստեղծելով «ներդաշնակության և համերաշխության» Կոնֆուցիոսի սկզբունքներով 1.5 միլիարդանոց հասարակության հսկայածավալ կյանքի բնականոն զարգացումը կազմակերպելու համար:

Կարծում եմ, թեպետ նկարագրված պատմական իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկություններն, այդուհանդերձ մեր պարագայում կարող են դիտվել որպես ողջամիտ քաղաքականության օրինակելի մոտեցումներ:

Հետևաբար, առավել քան ակնհայտ է, որ անցյալին անդրադառնալու խնդրում պետք է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ քաղաքական ողջամտությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ