17 04 2019

Սաակաշվիլու դասը Քոչարյանի գործով դատախազին և քննչական խմբի ղեկավարին․Politik.am

Սաակաշվիլու դասը Քոչարյանի գործով դատախազին և քննչական խմբի ղեկավարին․Politik.am

Politik.am-ը գրում է․ Օրերս «Իրատես» թերթը գրել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն իրավապահ համակարգի գլխին իսկական փորձանք է դարձել։ Քննչականի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս հարցում արդարադատությունը փակուղում է հայտնվել, քանի որ ամեն կերպ փորձում են Քոչարյանին պահել կալանքի տակ, սակայն ծանրակշիռ հիմնավորումներ դժվարանում են գտնել։ 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ դատախազության և ՀՔԾ՝ տարիների փորձ ունեցող «եփված» մասնագետները փորձում են իրենց անունը չկապել այս գործին, քանի որ հասկանում են, որ ինչ-որ ժամանակ գալու է նաև պատասխանատվություն կրելու ժամանակը։ Քոչարյանի գործի հիմքերը ջուր են, ու դրանով զբաղվող  քննիչները և դատախազները պետք է նաև բավական ստեղծագործական ջիղ ունենան, որպեսզի կարողանան հիմանվորել այն, ինչ ցանկանում են գործող իշխանությունները։

Այս գործով նոր իշխանություններին իրենց անմնացորդ ծառայություններ են մատուցում դատախազ Պետրոս Պետրոսյանը և քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը։ 

Բայց շատ կարևոր է, որ դատախազն ու քննչական խմբի ղեկավարը գիտակցեն, որ հնարավոր իշխանափոխության դեպքում կատարված քաղաքական հրահանգների համար իրենք են պատասխան տալու։  Հասկանալու համար այս իրականությունը, պետք չէ հեռու գնալ և պետք է նայել Վրաստանի օրինակին։ Սահակաշվիլիի իշխանության տարիներին քաղաքական հրահանգով իրավապահ համակարգը հարյուրավոր գործիչների դեմ շինծու, թույլ հիմքերով գործեր էր կարել։ Իշխանափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին լքեց Վրաստանը, իր կողմից իջեցված քաղաքական հրահանգները կատարելու համար պատժվեցին բազմաթիվ դատախազներ, քննիչներ և ոստիկաններ։  Հայաստանում էլ վաղ թե ուշ այս իշխանությունները չեն լինի, և հնարավոր է՝ իշխանության ղեկին հայտնվեն մարդիկ, որոնք փորձեն վերականգնել արդարությունը, որի վերականգնման դեպքում շինծու «գործ կարողները» կկանգնեն դատարանի առաջ։ Այդ ժամանակ գուցե անգամ Նիկոլ Փաշինյանը մեղադրի իրավապահ համակարգին հակաօրինական գործողություններ անելու մեջ։ 

Ի դեպ, պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը բոլոր իշխանությունների օրոք է փորձել անել մաքսիմալը, որպեսզի հաճոյանա իշխանություններին։ Նախկին իշխանությունների ժամանակ, օրինակ, նա Արցախի ազատագրության համար իր կյանքը վտանգած ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին անվանում էր «թուրք»՝ «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ։ Ըստ էության, նա ներգավվում է բոլոր այն գործերում, որի մասով տվյալ պահի իշխանությունը քաղաքական պատվեր է իջեցնում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ