10  04  2019

Կենտրոնամետ դեմոկրատները Ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել

Կենտրոնամետ դեմոկրատները Ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, որի լիիրավ անդամ է դարձել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ ՀՀԿ–ի տարածած բանաձևի տեքստը ներկայացնում ենք ստորև։

• Վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով մարդկային ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է աշխարհում;

•Ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, 1948 թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, 1968 թ. նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Միավորված ազգերի կոնվենցիայով, 1966 թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր միջազգային փաստաթղթերով;

•Հաշվի առնելով, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունը հատուկ ընդգծել է այդ հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակցության կարևորությունը;

•Հաշվի առնելով Օսմանյան կայսրության ռազմական դատարանների 1919-1921 թթ. դատավճիռները `«օրենքի և մարդկության դեմ» այդ ծանր հանցագործության մասին` որպես փաստի իրավական գնահատական;

•Գնահատելով 1915 թ. մայիսի 24-ի դաշնակից պետությունների համատեղ հայտարարությունը`պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդի դեմ կատարված ամենասարսափելի հանցագործությունը որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք» սահմանելով և ընդգծելով Օսմանյան իշխանություններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի դերն ու նշանակությունը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի  արբիտրաժային որոշումը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում;

• Վկայակոչելով Հայոց ցեղասպանության և եվրոպական արժեքների մասին ԵԺԿ-ի 2015 թ. մարտի 3-ի բանաձևը;

• Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները;

• Հարգանքի տուրք մատուցելով բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների անմեղ զոհերի իշատակին;

• Ընդգծելով, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխարգելոմը և արդյունավետ պատժամիջոցները պետք է լինեն միջազգային հանրության հիմնական առաջնահերթությունների շարքում

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը հայտարարում է հետևյալը.

• Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես այդ հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ գործելու քաջալերանք;

•Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը և բոլոր նահատակների ու փրկված հերոսների, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք;

• Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք հայ ժողովրդի հանձնառությանը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում;

• Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը լիովին հարգել և կատարել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում;

• Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի բոլոր մարդկանց, անկախ նրանց էթնիկ ծագման և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով;

• Մենք աջակցում ենք թուրքական քաղաքացիական հասարակության այն հատվածներին, ովքեր այսօր համարձակվում են խոսել իշխանությունների պաշտոնական դիրքորոշման դեմ: Մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման համար ելակետ կծառայի:

Հետևապես, մենք հրավիրում ենք Թուրքիայի կառավարությանը`իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել հետևյալ միջոցները.

• Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը և առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ ոգեկոչելով մարդկության դեմ այդ ահավոր հանցագործության զոհերին;

•Ապահովել տեսլական և իրականացնել իրապես ժողովրդավար Թուրքիային հարիր գործողությունների ծրագիր, ներառյալ խոսքի ազատությանն առնչվող խնդիրների, պետության, հասարակության շրջանում և կրթական հաստատություններում Ցեղասպանությանը վերաբերող հարցերի համապարփակ լուծում, ինչպես նաև կրոնական և այլ մշակութային օբյեկտների վերանորոգում և դրանց վերադարձը հայկական և այլ համապատասխան համայնքներին;

• Սկիզբ դնել հայկական ազգային ժառանգության երկար սպասված տոնին`հիմնված հայ-թուրքական հարաբերությունների լիովին կարգավորման վրա՝ խարսխված պատմության հանձնառնությամբ, բոլոր չլուծված հարցերի խաղաղ կարգավորմամբ»,– ասվում է բանաձևում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ