05  04  2019

Մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա. Արմեն Աշոտյան

Մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ Բրյուսելում Մոգերինի-Մամեդյարով համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Ադրբեջան Համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքները պետք ուշադրության արժանանան նաև Հայաստանում։

1. Ինչպես մի քանի անգամ նշել եմ, նախապատրաստվում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը, որը, կողմերի հավաստմամբ, կնախաստորագրվի հենց այս Եվրահանձնաժողովի օրոք։ Շեշտեմ, որ մեզ համար կարևոր է, թե ի՞նչ ձևակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի հետ կնքած համաձայնագրին։ ԱԳՆ-ից մինչ այսօր սպասում ենք արձագանքի։

2. Ինչպես և կանխատեսում էի, ԵՄ-ն մեղմում է իր վերաբերմունքը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին: Գլոբալ շահերը դառնում են էլ ավելի կարևոր, ուստի մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա։

3. ԵՄ-ն դրական է վերաբերվել Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը և կոչ է արել արագ իրականացնել այնտեղ ձեռքբերված համաձայնությունները՝ մարդասիրական և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գծով։ Համաձայնեք, որ այստեղ մենք հստակ հարցեր ունենք վարչապետին, թե կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել Վիեննայում։

4. Ադրբեջանական գազի ԵՄ մատակարարման հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնեմ, որ այն նախատեսված է 2020 թվականից և Հայաստանի համար խնդիրներ կստեղծի հատկապես Հարավային Եվրոպայում և Բալկաններում։

Ցավոք, առկա տեմպերով և աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։

Դրանից խուսափելու համար հարկավոր է անցնել իրական բարեփոխումների, ակտիվացնել դիվանագիտական, այդ թվում՝ խորհրդարանական, աշխատանքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ