30 03 2019

Այս իշխանությունները դատապարտված են տապալման. Դավիթ Շահնազարյան. «Իրավունք»



Հայտնի պետական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ «Իրավունքը» զրուցել է Արցախի հարցի շուրջ օր օրի սրվող ինտրիգի և առկա մարտահրավերների, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումների, որոշ շրջանակների կողմից մեծ աղմուկ բարձրացրած Վահան Շիրխանյանի բաց նամակի և մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ: Նախ անդրադառնալով Շիրխանյանի բաց նամակին` Շահն նպատակն է հատկապես ամբողջ Արցախյան ազատամարտը, ինչու ոչ 1988 թվականին սկսված շարժումը որակազրկելը:

«Փորձ է արվում ոչնչացնել այնպիսի կարևորագույն արժեքները, ինչպիսիք են Արցախյան ազատամարտը, Հայաստանի պետականությունը»

– Այս թեման արհեստականորեն ուռճացված է իշխանությունների կողմից: Այստեղ ես կցանականամ խոսել այն քաղաքականության մասին, որի շրջանակներում իրենց համար այդ դրվագը նման կարևոր էպիզոդ է: Նախ եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում` ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից կամ հեղաշրջումից հետո: Փորձ է արվում, այսպես կոչված, հեղափոխական տեսանկյունից ամբողջովին վերանայել անկախության տարիների ողջ պատմությունը: Խարխլել այն արժեքային համակարգը, որը կայացել էր, ոչնչացնել կամ առնվազն նվաստացնել մեզ համար կարևորագույն արժեքները, ինչպիսիք են Արցախյան ազատամարտը, Հայաստանի պետականությունը: Իշխանության ԶԼՄ-ների, նրանց սպասարկող տարբեր մանր-մունր գործիչների, իշխանափոխությունից հետո նրանց միացած անհատների միջոցով նպատակաուղղված գրոհի են գնում: Այսինքն, ներկա իշխանությունը ուզում է ցույց տալ, որ մինչ իրենց իշխանության զավթելը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, վատ է, շատ վատ: Ես բազմիցս ասել եմ՝ սա ծրագրված քաղաքականություն է: Տեսեք, հիմա որոշել են վերանայել 1998 թվականի ընտրությունները: Գիտեք, որ որևէ մեկը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին այդպես հետևողականորեն չի քննադատել, որքան ես: Եվ հետաքրքիր է, որ մեծ թվով անձինք, որոնք ժամանակին կրծքով Քոչարյանին ինձանից պաշտպանում էին, այսօր բղավում են, թե Քոչարյանին պետք է կախաղան բարձրացնել, ահեղ դատաստանի ենթարկել: Այդ մարդիկ, այսպես ասած, հավերժ քծնողներ են: Դրա համար ես բովանդակային առումով չեմ ցանկանում անդրադառնալ Շիրխանյանի նամակին, քանի որ, ինչպես ասացի, արհեստականորեն այդ ամենը ուռճացվում է: Պարզապես կարճ ներկայացրի, որ սա հետևանք է այն քաղաքականության, որը նպատակաուղղված ձևով տանում են ներկայիս իշխանությունները:

Տեսեք. ներկա իշխանություններին խանգարում են նախկին իշխանությունները, Սահմանադրությունը, մամուլը, օրենսդրությունը, օրհներգը: Այսպիսի մանր-մունր խնդիրներ առաջ քաշելով` փորձում են խլացնել իրոք կարևոր և մտահոգիչ հարցերը: Օրինակ` հայտնի գաղտնալսումները, որոնք խարխլել են ՀՀ արդարադատությունը, դա տաբու է, այդ մասին չպետք է խոսվի: Փորձում են քողարկել բացառապես բոլոր բնագավառներում իրենց տապալումները` տնտեսություն, սոցիալ-տնտեսական հարցեր, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց և այլն: Փորձում են հասարակության մի շերտին անընդհատ տրամադրել մյուս շերտի դեմ: Էլ չեմ խոսում Զինված ուժերի նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքի մասին: Հասկանո՞ւմ եք, պետականության հանդեպ նրանց մտածողությունը որևէ կապ չունի պետականությունն ամրապնդելու հետ, նրանք ամբողջովին խարխլում են պետականությունը, պատմությունը:

Որ այս իշխանությունները դատապարտված են տապալման, դա ակնհայտ է, բայց անհանգստացնողն այն է, որ մեր պետականությունն է լրաջագույն կորուստներ ունենում: Եվ համար մեկ վտանգը, իհարկե, Արցախն է: Հասկացեք, սա շատ ժամանակավոր իշխանություն է, և այն գնահատականը, որ պատմությունը և հասարակությունը տալու է այս իշխանություններին, շատ դաժան է լինելու. ես ինքս ստիպված եմ լինելու ֆիզիկապես պաշտպանել այս իշխանություններին հասարակության այն հատվածից, որին իրենք ոտքի են հանել:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը հայության թիվ 1 խնդիրը պետք է լինի»

– Ձեր հարցազրույցներից մեկում ժամանակին ասել եք, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Արցախի համար, քան` Ադրբեջանը: Այսօր ևս այդ տեսակետի՞ն եք:

– Իշխանությունները իրենց բոլոր քայլերով դա ապացուցում են: Ավելին, ես ասել եմ` Ադրբեջանի համար նման ձեռնտու իրավիճակ բանակցային գործընթացում դեռևս չէր եղել, սկսած` 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովից: Եվ դրան հասել է ոչ թե Ադրբեջանն իր գործողություններով, այլ՝ մեր գործող իշխանությունը: Որովհետև այն դրական առավելությունը, որը ներկայիս իշխանությունը ժառանգեց նախորդ իշխանություններից` թե արտաքին քաղաքականության հարցում, թե հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, իրենք ուղղակի ոչնչացրել են: Մենք կանգնած ենք պատերազմի շեմին, այս վերջին օրերին ինչ-որ կատարվեց շփման գծում, ամբողջովին վերացրեց այն վերելակային պայմանավորվածությունը, որ Փաշինյանը ձեռք է բերել Ալիևի հետ` Ալիևի նախաձեռնությամբ:

Այն օրակարգը, ինչը որ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ գնում է բանակցությունների, դա ներքին լսարանին ուղղված պատասխան է: Որովհետև, այլևս կարևոր չէ ոչ Փաշինյանի օրակարգը, ոչ էլ՝ Ալիևի օրակարգը, կարևոր է եռանախագահողների օրակարգը: Համանախագահները մարտի 9-ին իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ այն, ինչը Փաշինյանը ուզում է, դա օրակարգի քննարկման հարց չէ:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել Արցախում տեղի ունեցած ԱԽ նիստում Փաշինյանի և Բակո Սահակյանի ելույթներին: Բակո Սահակյանի ելույթի մեխը հետևյալն էր՝ կարևորագույն խնդիրը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Սակայն Փաշինյանը ոչ այդտեղ խոսեց այդ մասին, ոչ էլ հետագայում դա ասաց: Սա արդեն իսկ խոսում է, որ Հայաստանն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ ջանք չի ներդնում: Մինչդեռ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը հայության թիվ 1 խնդիրը պետք է լինի: Սա ես համարում եմ ծրագրավորված քաղաքականություն, որն իրականացնում են ՀՀ իշխանությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ