29 03 2019

Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից

Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հնարավոր է, որպես մեղադրող մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու գործով դատավարությանը. «Ամեն բան հնարավոր է»,-այս մասին մարտի 29-ին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին և վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե քրգործը բացահայտված է՝ Դավթյանը դժվարացավ նման հստակ գնահատական տալ և նշեց, որ կան իրավական ընթացակարգեր, որոնք պետք է իրականացվեն:

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի այն դժգոհություններին, որ քրեական գործին ծանոթանալու համար իրենց պատշաճ ժամանակ հատկացված չէ, Գլխավոր դատախազն ասաց, որ իրենք, տրամադրելով 50 օրացույցային օր, հաշվի են առել փաստաբանների փորձառությունը. «Այստեղ իրավական առումով գերխնդիրը ոչ թե տեխնիկապես ամեն պաշտպան քանի էջ կարող է կարդալ, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի իրավական պաշտպանությունը», - ասաց նա:

Դատախազն անդրադարձավ նաև Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստերին անձամբ մեղադրանքը ներկայացնելուն։ Դիտարկմանը, թե նախկինում չի եղել դեպք, որ ինչ-որ գործով անձամբ գլխավոր դատախազը ներկայացնի մեղադրանք, Դավթյանը արձագանքեց. «Նախկինում հիշու՞մ եք, որ Հայաստանի հանրապետության նախագահ քրեական հետապնդման ենթարկված լինի»։

Հարցին, թե ինչպես կարող է մի կնոջ՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա այդքան քրգործեր հարուցվեն, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ անձը՝ լինի կին, թե տղամարդ, մեծահասակ, թե փոքրահասակ, քաղաքացի է, որը հաղորդում տալու իրավասություն ունի. և ցանկացած մեկի հաղորդումը, որն իր մեջ կպարունակի առերևույթ հանցագործության մասին տվյալներ, դրանց հիման վրա կհարուցվի քրեական գործ: 

Նրա խոսքով, արդեն քրգործ հարուցվելուց հետո կոնկրետ մեկ անձի ասած տեղեկությունները ստուգվում են. «Երբ այդ տվյալները ապացուցվում են փոխպակապցված այլ տեղեկություններով, ուրեմն դա ունենում է մեկ ելք՝ գործը գնում է դատարան: Եթե այդ տեղեկությունները չեն հաստատվում բավարար ապացույցների համակցությամբ, քրգործի վարույթը կարճվում է»:

Հարցին, թե իր համար կասկածելի չէ՞, որ մեկ անձը այդպես աջուձախ կաշառքներ է տվել, Դավթյանը պատասխանեց. «Կասկածելի է, որ կաշառք չի՞ տվել: Քննության ընթացքում պարտադիր քննության առարկաներից մեկը նաև գործարքի բոլոր կողմերի գործողություններն են, այդ թվում կաշառք տվողի»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ տարիներին գործող օրենսդրությամբ սահմանված է եղել, որ եթե անձը հայտնում է իրավապահ մարմիններին կաշառք տալու մասին, ազատվում է պատասխանատվությունից:

Անդրադառնալով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակին գլխաովոր դատախազն ասաց, որ այնտեղ կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. «Նամակում տեսել եմ հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն, իսկ թե դրանք քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդման համար հիմնավոր կլինեն, թե ոչ, դա արդեն իրականացված ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան»,– ասաց նա։

Արթուր Դավթյանը մեկնաբանեց նաև նոր կառավարության հետ աշխատանքը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նոր իշխանությունների հետ հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չի կանգնել. «Լեզու գտնել, հարմարվել, սրանք տեղին և հասցեական հարցեր չեն։ Ես ընտրվել եմ Ազգային ժողովի կողմից, ես իմ աշխատանքի իրականացման խոչընդոտների չեմ հանդիպել, և ես շարունակում եմ իմ պարտականություննեը կատարել, որևէ առիթով, որևէ իրավիճակում լեզու գտնել-չգտնելու, հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգնել»,- ասաց դատախազը՝ ավելացնելով, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ