28 03 2019

Կոնգրեսականների հայամետ պահանջը՝ Թրամփից

Կոնգրեսականների հայամետ պահանջը՝ Թրամփից

Ավելի քան 35 ամերիկացի կոնգրեսականներ միացել են Արցախին և Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագծին, որը ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Նրանք կոչ են արել Ներկայացուցիչների պալատի հատկացումների և պետական արտասահմանյան գործառնությունների հարցերով ենթահանձնաժողովին` հավանություն տալ Հայաստանին և Արցախին տրամադրվող աջակցության փաթեթին, որը նախատեսված է 2020 ֆինանսական տարվա համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Այսպես` առաջարկվում է Արցախին տրամադրել 6 մլն դոլար` ականազերծման աշխատանքները և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու համար, նաև` 4 մլն դոլար Ռոյս-Էնգելի առաջարկների միջոցով խաղաղությանը նպաստելու համար, ներառյալ` ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող` հրազենային կրակի հայտնաբերման առաջադեմ համակարգերի տեղադրման նպատակով:

Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն դոլար տնտեսական զարգացման համար, 10 մլն դոլար` որպես ռազմական օգնություն, 20 մլն դոլար` Մերձավոր Արևելքից փախստականներին աջակցելու համար:

Կոնգրեսականները նաև պահանջում են կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը և ուժեղացնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ լրացման կիրառումը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ