27 03 2019

Փուչիկները պայթելու սովորություն ունեն․ Panorama.am

Փուչիկները պայթելու սովորություն ունեն․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Մարտի 24-ին աշխարհում մի մե՜ծ փուչիկ պայթեց:  500 խուզարկություններից, 500  հարցաքննված վկաներից, 2880 դատական ծանուցումներից և  22 ամիս ձգված քննությունից հետո պարզվեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահի միջև  գործարքի ապացույցներ չեն  գտնվել: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարեց՝  ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ նախընտրական շտաբի անդամները 2016-ին Ռուսաստանի հետ դավադրության մեջ չեն մտել։ Այսինքն մեր տեմինաբանությամբ՝ գործը ջուր էր: Ով գիտե, եթե չլիներ մտացածին այս  գործը, գուցեև շատ  կառուցողական ուղղությամբ ընթանային Թրամփ-Պուտին փոխհարաբերությունները, և աշխարհը դարձյալ չէր կանգնի «սառը պատերազմի» վտանգի առաջ: Այս երկու պետությունների առճակատումը նման է  հզոր տարերքի, որի ավերածության փոշին մեր փոքր երկիր էլ է հասնում՝ թեժացնելով  օրինակ  արևմտամետների  և  ռուսամետների պայքարը:

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի ակնհայտ ակտիվացումը 2018թ. ներհայաստանյան իրադարձությունների ժամանակ  վկայում է, որ մենք ևս գտնվում ենք նրանց հետաքրքրությունների դաշտում: Չենք կարող օրինակ մոռանալ, թե ինչպես էր դեսպանը   հայտարարում,  որ    «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը» (14.08.  2018թ. Արմենպրեսս):

Կարելի է մտածել, թե ամերիկացիք  անմեղ հրեշտակներ են, և   հենց իրենք տարբեր երկրներում ողբերգական իրադարձություններ չեն սարքել ու սադրել... և նրանց արդարամիտ հոգուն  անասելի տանջում է  մեր մարտի 1-ը: Կամ էլ հիանալի գիտեն, որ որևէ երկրում ազգային դիմագծերը աղճատելիս անհրաժեշտ  են հանրության ուշադրությունը շեղող հոգեցունց  ներկայացումներ:

Գուցե հենց այս պատճառով էլ այդքան շահագրգռված   էին մարտիմեկյան վերաքննությամբ:Ինչևէ,  2018-ին  Հայաստանում վերաբացվեց   մարտի 1-ի գործը՝ անհերքելի ապացույցներ ունենալու հավաստիացումներով և այնպիսի վստահությամբ, որ թվում էր,  թե մեկ-երկու  ամսում քննությունը կավարտվի և վերջնականապես կփակենք այդ էջը:  Մայիսին կլրանա մեկ տարին, ինչ այդ մասին առաջին անգամ բարձրաձայնեցին  փոխված իշխանությունները: Իսկ մարտի   26-ին լրացավ  Ռոբերտ Քոչարյանի  դեմ քրեական գործ հարուցելու 8 ամիսը: Հ

իշեցնենք՝ 2018-ի հուլիսի 26-ին նրան մեղադրանք առաջադրվեց  ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար... Եվ ահա 8 ամիս,  երկրի ապագային ուղղված քայլեր անելու փոխարեն, իշխանությունները ողջ դատաիրավական համակարգին լծել են այս զավեշտալի մեղադրանքին միս ու արյուն տալու գործին...  իսկ հասարկությունը  լուռ հետևում է  փուչիկ  փչելու  այս փուչ գործընթացին:Փորձեցի հաշվել,  թե այս 8 ամիսների ընթացքում  քանի անգամ են Ռ.  Քոչարյանի հետ կապված նիստեր կայացել առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում և քանի անգամ են պաշտպաններն ու մեղադրողները բողոքարկել վճիռները... դեռևս  հաշվում եմ:

Միայն մեկ ատյանի դեպքում է հստակ՝ փաստաբանական խմբի կողմից ՄԻԵԴ ներկայացված 5 գանգատները: Եվրադատարանն էլ հո  հայկական նոր իշխանություններին հաճոյանալու կամ վախենալու խնդիր չունի, որ օրենքներն  անտեսի:   Չմոռանանք  ՄԻԵԴ-ի րոպեական արձագանքները՝ Սամվել Մայրապետյանի և Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրներով ներկայացրած գանգատների դեպքում: Չմոռանանք նաև, որ   ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը ՀՀ իշխանություներին կոչ էր արել  Մարտի 1-ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը (29.01.2019թ.):Այս պայմաններում չի բացառվում, որ  ՄԻԵԴ փորձագետներն առնվազն իրենց համար հստակեցրել են, որ  գործը վճռվելու է հօգուտ Քոչարյանի: Սթափ հայաստանցիները  չեն էլ կասկածում, որ այդպես էլ կլինի... 

Բայց ներքին անհարմարավետությունով  ու սրտի ցավով, որ այդ վճիռը  Հայաստան պետությունը չի կայացնում. որ Հայաստանում չկա պարտության դատապարտված այս գործը   դադարեցնելու  քաղաքական կամք իշխանությունների կողմից և մասնագիտական կամք դատավորների կողմից:   Անհասկանալի է, թե ինչ հույսեր են փայփայում նրանք, երբ ակնհայտորեն  զրոյացել է հաղթելու հեռանկարը: Մեղադրողները չեն կարողանում հստակ ձևակերպել  հանցանքի հանգամանքները, ինչը միշտ պահանջում են  պաշտպանները:  Տեղական  և  օտար  մամուլը,  փորձագետներն ու քաղաքական  գործիչները համարում են Ռ.Քոչարյանին քաղբանտարկյալ: Ավելացվող քննչական  և արտադատարանական մեղադրանքները եղած ջուրն ավելի են ջրիկացնում... Սիլվայի  կաշառքը, Շիրխանյանի  «դուխով» բացահայտումները:  Ձեռքերը փրփուրներին գցելու  այս փաստերն  ավելի են ապացուցում, որ մեղադրելու բան իրականում չկա: Ենթադրենք ՀՔԾ-ն  մի անհեռանկար  գործ էլ հոկտեմբերի 27-ով կպցրեց, ինչն ուրվագծվում է հհշական հին բորենիների  վերակենդանացման  համատեքստում.... կկարողանա՞ն դրա տակից դուրս գալ այն դեպքում,  երբ դեռ մարտի 1-ը չեն մարսել ու  ամենայն հավանականությամբ չեն էլ մարսի:  Ի վերջո, խաղահրապարակ  հո  չի այս երկիրը:   Եթե անցյալը մաքրելու խնդիր կա՝ սկսենք 1991-92թվականներից ներգրավելով բոլոր  մեղավորներին: Բայց եթե քավության մեկ նոխազ է պետք անկախ Հայաստանի բոլոր մեղքերի համար, ապա հաստատ այդ  թիրախը Ռոբերտ Քոչարյանը չէ՝  ոչ միայն իր ամուր բնույթով, այլև նրա   նվիրումն ու ավանդը չմոռացած- չուրացածների  մեծ բանակի աջակցության պատճառով: 

Ռոբերտ Քոչարյանի  դեմ 8 ամիս սանձազերզված այս գործն  ակնհայտորեն  հարվածում է Հայաստանի հեղինակությանը:   Բայց շատ ավելի խորքային են ներքին   վնասները. ինչպե՞ս պիտի ընկալի 20 տարեկանը  հայրենասիրության ու  բարոյականության բարձր  կոչերը, երբ իրականության մեջ  տեսնում է, որ  արդեն 100-ից ավելի օր ապօրինի կալանքի տակ է այն գործիչը, ով հաղթեց պատերազմում, գահավիժման անդունդից հանեց Հայաստանը,  1998-2008թթ. զարգացում և տնտեսական  աճ ապահովեց, սահմաններում  խաղաղություն հաստատեց, բարձրացրեց երկրի վարկանիշը միջազգային հարթակներում: Դաժան երկընտրանքի առաջ կհայտնվի 20 տարեկանը...  Հերոսներին բանտարկելն  այնքան իրենց համար չի վտանգավոր, որքան իդեալներ կորցնող պատանիների համար: Կիսապատերազմական վիճակով գտնվող երկրում սրանից   մեծ վատություն հնարավոր չէր  անել:

Ամերիկյան մեծ փուչիկը պայթեց, երբ հետաքննությունը երկու տարում պարզեց, որ իրականության հետ կապ չունեն մեղադրանքները : Բայց այդ ընթացքում  բարձրացրած մեծ աղմուկը  բավականին վնասեց ողջ աշխարհին: Ռոբերտ Քոչարյանի դեմ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն էլ Հայաստանի ներկա կառավարության փուչիկն է, բայց ի տարբերություն ամերիկյանի՝ տարիներ պետք չեն սրա  սնամեջությունն  ապացուցելու համար: Ի սկզբանե, առանց հետաքննության էլ պարզ էր, որ գործը փուչիկ է... իսկ փուչիկները պայթելու սովորություն ունեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ