26 03 2019

Պատգամավորն ահազանգում է իշխանափոխության «զոհի» մասին

Պատգամավորն ահազանգում է իշխանափոխության «զոհի» մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին:

«Չմոռանամ նշել ՀՀ հպարտ քաղաքացու` Զավեն Գրիգորյանի մասին, ով մեկ տարի առաջ`ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների կիրառման ժամանակ ստացել է խիստ ծանր մարմնական վնասվածքներ, որի արդյունքում կորցրել է ամեն ինչ` աշխատանքային շինարարական պայմանագրերը, հայտարարվել է սնանկ: Զավեն Գրիգորյանը մեկ տարի է՝ փորձում է վերականգնել իր առողջությունը: Դիմել է իշխանության բոլոր կառույցներին և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել: Այժմ նա սուր լեյկոզով գտնվում է Արյունաբանության ինստիտուտում, միաժամանակ ունի նաև մի քանի լուրջ հիվանդություններ»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Զավենը սնանկ է, որովհետև այն կազմակերպությունները, որոնց հետ նա կնքել էր պայմանագրեր, ուղղակի հրաժարվել են այդ պայմանագրերից, որովհետև նա մեկ տարի է` տեղափոխվում է հիվանդանոցից հիվանդանոց: Նա հարցրեց. «Հիմա ի՞նչ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ կառավարություն:

Ես հիշում եմ՝ հայտարարություն եղավ հեղափոխության օրերին, որ այն հպարտ քաղաքացիների մեքենաները, որոնք տուժել են հեղափոխական պայքարի արդյունքում կփոխհատուցվեն: Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ինչ եղան հպարտ մեքենաները, այս պահին ինձ հետաքրքրում է ՀՀ քաղաքացին, ով Բաղրամյան պողոտայում հանուն հեղափոխության ստացել է ծանր մարմնական վնասվածք: Ո՞վ է պատասխանատու ՀՀ քաղաքացու համար»,- եզրափակեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ