18 03 2019

Վաղանցիկ նարոդնիկություն․ Panorama.am

Վաղանցիկ նարոդնիկություն․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Շաբաթ օրվա մի քանի ժամը վարչապետ Փաշինյանը Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ գյուղում էր։ Այցն անակնկալ էր, գյուղի բնակիչների պահվածքն ու խոսքը` անմիջական, Փաշինյանի շարժուձևը` բնականոն, մտերմիկ, մարդկային։ Նույնիսկ թիկնապահներն էին չափավորության մեջ։ Եթե նրանք չերևային, (չլինելն իրոք անթույլատրելի է) տեսագրությունից կարելի կլիներ կարծել` պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավի կադրեր են։ Գյուղի մասին Փաշինյանի անտեղյակ հարցերից էլ տպավորություն առաջացավ, որ ճամփա ընկնելուց հետո է որոշել` ո՞ր գյուղ մտնի ու նույնիսկ չի հասցրել` համացանցում մի քանի բան կարդալ նախկին թուրքաբնակ Ջաֆարխան բնակավայրի մասին։

Փաստացիորեն իր այս անակնկալ ու խիստ մարդկային քայլով Փաշինյանը ցույց տվեց, որ քաղաքական պրագմատիզմի ու կազմակերպական կարողությունների մակարդակով այժմ ռուսական նարոդնիկության հարթությունում է` XIX դարի 80-ականների կամ XX դարասկզբի աստիճանում։ Նույնիսկ որոշակիորեն հիշեցրեց Պետրոս Կամսարականին` Մուրացանի «առաքյալին»։ Թեև, նա Չիբուխլու էր գնացել` աշխարհից կտրված խուլ գյուղում քաղաքական, տնտեսական, իրավական, ուսումնական հստակ ծրագիր իրագործելու վճռականությամբ, իսկ վարչապետ Փաշինյանը` պատահաբար ու առանց որևէ ծրագրի։

Կամսարականն իր նվիրական «առաքելությունից» հրաժարվեց գրեթե անմիջապես` մեկ օր անց փախավ գյուղից։ Իսկ վարչապետ Փաշինյանը, փաստորեն, գնացել էր` որ իմանա՛, թե ի՞նչ առաքելություն կարող է կատարել Ռանչպարում (հավանաբար նաև մյուս գյուղերում) և օրվա երկրորդ կեսին արդեն մայրաքաղաքում էր։ Ի՞նչ կտա թավշյա վարչապետի այս այցը գյուղատնտեսության նախարարություն չունեցող երկրի գյուղական համայնքներին` դժվար է ասել, բայց ժամանակն էլ կարող է դա ցույց չտալ, քանի որ` թավշյա ժամանակահատվածը սրընթաց մոտենում է իր տրամաբանական ավարտին։ 

Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է (դեկտեմբերի 10-ից արդեն կանխատեսելի էր), որ Փաշինյանն այլևս չգիտի` ի՞նչ անել։ (Ռուսական քաղաքական իրականության երկու հավերժական հարցերից մեկն է)։ Թավշյա վարչապետն անելիք չունի` քանի որ չունի առաջադրանք, չունի արտաքին պատվիրատուների ծրագրային օգնությունն ու ֆինանսական աջակցությունը։ Մնացել է միայնակ ու ինքնուրույն, առանց թիմի, առանց արագ պառակտվող ՔՊ կուսակցության ու ԻՔ խորհրդարանական խմբակցության վրա հույս դնելու որևէ հեռանկարի։ Եվ հիմա թավշյա վարչապետն, ուղղակի, էքսպերեմենտներ է անում։

Պարապությունից անակնկալ ու աննպատակ` Ռանչպար մեկնելն, օրինակ, ուժերի ու հնարավորությունների ստուգատես կարող է դառնալ` գյուղապետի պաշտոնում իրեն տեսնելու, պատգամավորական գործունեության վերադառնալու կամ լրագրողի փեշակը վերհիշելու համար։ Մինչ այս Փաշինյանն անպտուղ ու անհեռանկար  էքսպերեմենտներ արեց և շարունակում է անել դատաիրավական համակարգում, արտաքին քաղաքական ոլորտում, տնտեսության բնագավառում, սոցիալական հարթությունում։ Բոլորը` միանման անհաջող ու անհետևողական, իրարամերժ ու հակասական, կամային ու անօրինական։ Գուցե այս ինքնանպատակայությունն ու անդեմությունը հենց այն իրողության հետևանքն ու դրսևորումն է, որ թավշյա վարչապետը չունի ի՛ր քաղաքական դեմքը, գաղափարական կողմնորոշումը, աշխարհայացային ուղղվածությունը, բայց գիտակցում է` որ պե՛տք է ունենալ և փորձում է յուրացնել իրեն հայտնի «իզմ»-երից որևիցե մեկը։  

Շաբաթ օրը նա փորձեց նարոդնիկ դառնալ, բայց` տեսանելիորեն չստացվեց։ Մարդկանց անձնական մասշտաբի խնդրանքները գրանցելուց ու անձնական` վարչապետի մակարդակի «ի՞նչ կարամ անեմ քո համար» խոստումներից բանն այն կողմ չանցավ։ Վաղը Փաշինյանն անշուշտ նոր էքսպերեմենտ կձեռնարկի` դարձյալ վաղանցիկ մտադրություններով, մինչև սահմանված ժամանակն ավարտվի։ Բայց չէ որ` փորձը մեկի հաճախ է մյուսների համար փորձանք դառնում, և այդ էքսպերեմենտների համար դարձյալ մենք` ժողովուրդն է վճարելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ