17 03 2019

Վարչապետին ասեք՝ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով չեն ուտվելու. Աշոտյան

Վարչապետին ասեք՝ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով չեն ուտվելու. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական միության տարեկան զեկույցին։ Նա գրել է․

«Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի պատճառներով, պետք է ուշադրության արժանանար նաեւ Հայաստանում։

Վստահ եմ, որ ներկայիս կառավարությունն եւ Ազգային Ժողովի մեծամասնությունն այն չի կարդացել։

Ճիշտ էլ արել են։ Մեր նորելուկ իշխանավորները զբաղված են առավել կարեւոր հարցերով, օրինակ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են յոնջան եւ գառների աղեստամոքսային համակարգը։

Վերլուծելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը՝ շատ հակիրճ արձանագրեմ.

1. Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի նախապատրաստումը մտնում է եզրափակիչ փուլ։ Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի այդ տեքստում Ղարաբաղյան հակամարտության մասին ձեւակերպումների նկատմամբ, որպեսզի դրանք չհակասեն Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին։

2. ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախմնդիրներին։ Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու։

3. Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին։ Ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա ՉԿԱ, ի հեճուկս ադրբեջանական պրոպագանդայի։

4. ԵՄ-ն շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի գազային կարողությունների նկատմամբ Հարավային գազային միջանցքի շրջանակներում։ Եվրոպացիները ակնկալում են, որ այս տարի Շահ Դենիզ 2-ի շահագործումից կավելանան ադրբեջանական գազի արտահանման ծավալները, որոնք պետք է հասնեն ԵՄ 2020 թվականից։ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվել են 2.6 տրիլիոն խ.մ.։ Կառավարությանն ասեք, որ շատ ուշադիր լինի հատկապես Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ հարաբերություններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ