09 03 2019

Համանախագահների հայտարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Համանախագահների հայտարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև սպասվող հանդիպմանն ընդառաջ: 

«Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շուտով հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահները, ովքեր սերտորեն համագործակցում են երկու արտգործնախարարների հետ, նախապատրաստական աշխատանքներ էին տանում ղեկավարների այս կարևոր հանդիպման համար, որը լինելու է երկու ղեկավարների միջև առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո»,- նշվում է հայտարարության մեջ։

Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանության կարեւորությունը և շարունակում են դրական գնահատել ճակատային գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը:

Միաժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: 

Վկայակոչելով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի նկատմամբ հակասական հրապարակային որոշ հայտարարություններ, համանախագահները վերահաստատում են՝ արդար և տեւական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կլամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն:

Համանախագահներն այն կարծիքին են, որ այս սկզբունքներն ու տարրերը պետք է լինեն կոնֆլիկտի արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված իրադրության հասնելը։

Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների հետ և կոչ են անում ղեկավարներին առաջին իսկ հնարավորության դեպքում դրական ոգով վերսկսել բանակցությունները:

Համանախագահների հովանու ներքո Բաքվի և Երևանի միջև շարունակական ու ուղղակի երկխոսությունը շարունակում է մնալ որպես կարևոր տարր վստահության կառուցման ու խաղաղության գործընթացին հասնելու գործում: Համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության հետևանքով ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման դեպքում:

Համանախագահներն ընդգծում են, որ նրանք շարունակում են իրենց մանդատի համաձայն լիարժեք հանձնառու լինել օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնում անկողմնապահ ու կրիտիկական մշտադիտարկման աշխատանքին, որն իրականացնում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու նրա թիմը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ