06 03 2019

Արցախի ներքին քաղաքական կյանքում որևէ սրացում չի լինելու․ Վիտալի Բալասանյան. Tert.am

Արցախի ներքին քաղաքական կյանքում որևէ սրացում չի լինելու․ Վիտալի Բալասանյան. Tert.am

Դեռևս որոշում չեմ կայացրել՝ մասնակցել Արցախի Հանրապետության 2020 թ․ նախագահական ընտրություններին, թե ոչ։ Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը՝ Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Այժմ ես հանդիպումներ եմ անցկացնում թե՛ քաղաքական, թե՛ խորհրդարանական ուժերի հետ։ Երբ համապատասխան որոշում կլինի, ես անձամբ կհայտարարեմ»,-ասաց Բալասանյանը։

Խոսելով հանդիպումների արդյունքների մասին՝ Բալասանյանը նշեց․ «Բոլոր հանդիպումները դրական արդյունքներ են տվել։ Հանդիպումների ընթացքում քննարկումներ են լինում Ղարաբաղի ներքաղաքական կյանքի, արտաքին քաղաքականության թեմայով, Ղարաբաղի հարցի վերջնական լուծման վերաբերյալ, տնտեսական, մշակութային թեմաներով, այսինքն՝ բոլոր ոլորտների վերաբերյալ ես ներկայացնում եմ իմ մտահոգությունները, առաջարկներն ու ծրագրերը։ Մենք ուրիշ թեմայի մասին չենք խոսում։ Քաղաքական ուժերը կսատարեն իմ թեկնածությունը, թե ոչ՝ իրենք հետագայում կհայտարարեն»։

Հարցին՝ հաշվի առնելով Վահան Բադասյանի և Դավիթ Բաբայանի՝ քաղաքական նոր ուժեր ստեղծելու մասին հայտարարությունները, արդյոք Արցախի ներքաղաքական կյանքում սրացումներ կանխատեսում է, Բալասանյանն ասաց.

«Որևէ քաղաքական սրացում չի լինի։ Ցանկացած մարդ, երբ կուսակցություն ստեղծելու մտահղացում ունի, ապա անում է, որ գնա ընտրության՝ խորհրդարանական, ՏԻՄ և այլն, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ստեղծում կուսակցություն։ Այստեղ որևէ լարվածություն չի լինելու, ես վստահ եմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ