28 02 2019

Շոու-քայլերթերից մինչև ժողովրդի նկատմամբ ծաղրուծանակ․ ակտիվ Ֆեյսբուք

Շոու-քայլերթերից մինչև ժողովրդի նկատմամբ ծաղրուծանակ․ ակտիվ Ֆեյսբուք

Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլի տնտեսական հեղափոխությունը հիշեցնում է Ատլանտյան օվկիանոսը հատել պատրաստվող մարդատար մեծ ինքնաթիռ, որի օդաչուները դպրոցականներ են, որոնք հաջորդ տարի որոշել են ընդունվել ավիացիայի ինստիտուտ, տեխնիկական անձնակազմը՝ նրանց հետ ամեն առավոտ տնից դպրոց քայլող հարևաններն են: Օդանավում կա ընդհամենը 15 պարաշյուտ, մնացած մի քանի հարյուր հոգու պարաշյուտները գտնվում են իրենց գլուխներում...Ուշադրություն, ինքնաթիռը ուղղություն է վերցնում դեպի Սիլիկոնե հովիտ...)))»։

 

 

Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների:

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթը կարևորվել է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից:Ակնհայտ է,որ այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է մեր երկու պետությունների շահերից:

Ապրիլ-մայիսյան Նիկոլի իշխանազավթման օպերացիայից հետո ես բազմաթիվ առիթներով իմ մտահոգությունն եմ հայտնել այդ հարաբերություններում առկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Փոխարենը՝ լսել եմ Նիկոլի հավաստիացումները,թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:

Հիմա ամեն ինչ հերթով…Լավրովը հայտարարում է,թե Հայաստանի նոր իշխանությունը մի բան ասում է,իսկ մեկ այլ բան անում: Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է:

Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են Բելառուսին այս հարցում:Գազի գինը սահմանին թանկանում է:

Եվ վերջապես, առաջին անգամ Ռուսաստանի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում են այսպես կոչված Խոջալուի հիշատակի միջոցառումներին:

Սա՞ է ձեր փայլուն հարաբերությունները,պարոնա՛յք:

Տարօրինակ է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարության ընդունելությանը չի արժանացել: Ինչու՞: Ափսոսանքով պետք է նշեմ,որ երբեմնի վստահելի և իրական դաշնակցային հարաբերությունները այսօր արդեն վտանգված են:

Ելույթներ ունենալու, շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն, Փաշինյանը թող բարի լիներ և սպասարկեր մեր ազգային-պետական շահը:

Հ.Գ. Ասել և ասում եմ՝ В политике главное не болтовня, а эффективность»։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է․

«Ադրբեջանում Կարեն Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ, կարծում եմ, խիստ հրատապ է դիտարկվում դատապարտյալի ներկայացուցիչ ազգականներին աջակցելու հարցը՝ առնվազն սեղմ ժամկետում ՄԻԵԴ դիմելու հարցում:

Պաշտոնապես հնչեցվում էին տվյալներ, որ խոսքը հոգեկան առողջության լրջագույն խնդիրներ (այսինքն՝ ամենայն հավանականակությամբ եղել է անմեղսունակ) ունեցող մարդու մասին է, որը նաև չի հանդիսացել զինծառայող և այլն:

Այս և նմանաբնույթ դատական ակցիաները, թերևս, հետապնդում են սպանություն կատարած (այդ թվում՝ անչափահասի) ադրբեջանցի դիվերսանտների «համարժեք փոխանակումը» երաշխավորելու նպատակ: Նախ, պատահական չէ, որ դատավարությունն անսովոր կարճ տևեց, ակնհայտ է հապճեպությունը: Բնորոշ է այն, որ իրենք չափանիշ են ընտրում Արցախում դատապարտված ադրբեջանցիների ազատազրկման ժամկետները՝ 22 տարի և ցմահ, և արհեստական համարժեք մեղադրանքներով մի երկու տարի պակաս սահմանելով՝ 20 տարի, հընթացս փորձում են միջազգային հանրությանը համոզել, թե իրենք անգամ այդ հարցում են ավելի մարդասեր. ծանոթ ձեռագիր է: Այս հարցում հետևողականությունը հրապուրիչ չի դարձնի սահմանում մոլորյալների հաշվին միջազգային վարկանիշ ձեռք բերելը»։

Գևորգ Պետրոսյանը գրում է․ 

Համաձայն չեմ, երբ ասում են, թե ոչինչ չի փոխվել։ Լավ էլ փոխվել է...

Նախկինում էլ էին պաշտոնյաները խաբում ժողովրդին, բայց ստելիս գոնե աչքերիդ մեջ անթարթ հայացքով չէին նայում, իսկ մի քիչ ավելի խղճովներն անգամ հայացքը կախում էին վար։

Հիմա ստում են ու անթաքույց են ստում, առանց վարանելու են ստում։ Սուտն էլ համեմում են պարծենկոտ հավաստիացումներով։ Մեկ է, ստի համար պատիժ չկա...

Էսօր ՊՎԾ պետը նորից է «փայլել»։ Հիմա էլ անցել է սարսափ ժանրին, թե բա՝ գերեզմանում էլ լինեմ, պայքարելու եմ կոռուպցիայի դեմ։

Հարգելիս, եթե կենդանությանդ օրոք, հսկայական պաշտոնը ձեռքիդ, քթիդ տակ չես կարողանում սանձել կոռուպցիան, գերեզմանում ո՞նց ես կոռուպցիայի հախից գալու։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ հեղափոխությունն ուսերի վրա տարած հավատավոր ժողովրդի նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ