23 02 2019

​​​Դեպի ո՞ւր այդ խառնակ ճամփով․ Panorama.am

​​​Դեպի ո՞ւր այդ խառնակ ճամփով․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Թավշյա իշխանությունը ծայրաստիճան ճողվել է ակամա ու պոպուլիստական մղումներով ստանձնած անշրջանցելի պարտավորությունների ծանրության տակ։ Քայլելով իշխանության եկածներն արդեն յուրաքանչյուր հաջորդ քայլը կատարում են ծանր ջանքերի գնով, հետո նոր պարզում` որ դարձյալ սխալվել ու շեղվել են իրենց 11 ամիս առաջ օտար «քեռիների» մատով ցույց տրված ուղուց։

Նույն շեղված իներցիայով էլ մեկը մյուսի հետևից հռչակեցին կամ ընդունեցին երկիրը աղբից, բուտկաներից ու կարկասներից ազատելու իրավիճակային բանաձև, պետական բյուջեի ծրագիր, կառավարության գործունեության ծրագիր, տնտեսական հեղափոխության ծրագիր, առաջնային նպատակների ծրագիր։ Բոլոր սրանք` նույն անգաղափար ակունքից են առաջացած, քանի որ` տարբեր կերպի ու աստիճանի անիմաստ ու անհետագիծ մտահղացումներ են։ Ցավալի է սակայն, որ թավշյա վերնախավում չգտնվեց գոնե մեկը, որ թավիշի փոխարեն գոնե պարզ խավ ունենար մտքում և կարողանար մյուսներին բացատրել, որ մեկ-միասնական ծրագիր պետք է ունենալ` եթե ունեն անցնելու ճանապարհ ու դեռ կարող են քայլել։

Նման պայծառ ակնկալիք դժվար է ունենալ մի իշխանությունից, որի ԱԺ փոխնախագահն այնպիսի անվերապահությամբ է հավատացել իր վարչապետի բացարձակ կեղծիքին, թե` սորոսական գունավոր հեղափոխության թավշյա դրոշմը բացառիկ ու անկրկնելի է, որ նույն դուխով` համոզված պնդում է, թե` միայն թավշյա պառլամենտում կարող է լինել ընդդիմություն և այդ ընդդիմությունը միայն թավշյա մեծամասնության շնորհիվ կարող է դեմ քվեարկել։ Լուսավոր սպասումի վերջին հույսը սպանում է թավշյա կառավարության սուպերնախարարը, որին հանձնված ոտչինայում ներգրավված են գիտությունը, կրթությունը, մշակույթը, և որը սակայն` Հովհաննես Թումանյանի իր ամենասիրած քառատողը ցուցադրական ընթերցումի ժամանակ անգամ կարդում է մեծ դժվարությամբ ու սխալ շեշտադրմամբ։

Իսկ ԱԺ նախագահի խոստովանանքն արդեն անհնարին է դարձնում թավշյա տեսանելի հեռանկարում դրական որևէ քայլի սպասում։ Այնուամենայնիվ, օրենսդիր իշխանության ղեկավարը մի հպանցիկ ակնարկով և օտարված շեշտով հաստատել է, որ իրենց օրակարգի մաս է դարձել նոր սահմանադրություն ընդունելու ԼՏՊ-ի մտահղացումը։ Սա ասելուց հետո նա, հավանաբար, այնպես է կծել լեզուն, որ երկար ժամանակ չի կարողանալու խոսել, քանի որ` հպանցիկ անկարկով պարզ ցույց է տվել թավշյա իշխանության շուրջն առաջացած անհաղթահարելի վիհը։

Բանն այն է, որ նախագահական կառավարման համակարգը վերականգնելու ԼՏՊ-ՀԱԿ մատուցած ծրագրում սահմանադրական հանրաքվե կազմակերպելու և երկրի նախագահի համապետական ընտրություններ անցկացնելու հնարավոր նվազագույն ժամկետներն են նախատեսված` 2 տարի։ Փաշինյանին, ակներևաբար, դուր է եկել 2 տարուց նախագահ դառնալու հեռանկարը և նա ընդունել է մեծ խառնակչի նվիրած «տրոյական ձին». եթե Արարատ Միրզոյանը ոչինչ չի շփոթել։ Եվ եթե այդպես է, ապա թավշյա իշխանության իշխանափոխության ԼՊՏ-ՀԱԿ մոգոնած շղթան արդեն մեկնարկել է:

Շատ խորհել պետք չէ, հասկանալու համար, որ սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար նախ պետք է սահմանադրության նախագիծ գրվի։ Նախագահական ընտրություններ անցկացնելու համար նախ պետք է նոր ընտրական օրենսգիրք գրվի։ Այս երկուսն անելուն զուգահեռ` առաջանալու է կուսակցությունների մասին նոր օրենք գրելու անհրաժեշտությունը։ Նաև բազում այլ անխուսափելի անհրաժեշտություններ են առաջանալու ԼՏՊ-ՀԱԿ-ի նշած 2 տարում։

Արդեն իսկ ըստ շահերի, նախասիրությունների, քմահաճույքների, պահանջի պառակտվող թավշյա ԱԺ-ում այս ամենն անցկացնելու համար անհրաժեշտորեն պետք կլինի ներիշխանական կազմակերպական ներուժ։ Նշված ու շատ այլ չնշված, բայց անհրաժետ օրենքների նախագծերը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի մասնագիտական իրազեկ ու կարող թիմ։ Այս ամենը Փաշինյանը չունի ու երբևէ իր շուրջ չի կարողանալու համախմբել։ Այստեղ է, որ նա ստիպված կլինի` կուլ տալ մեծ խառնակչի խայծը և երկրի որոշիչ պաշտոնները բաժանել գագիկջհանգիրյաններին ու նմաններին։ Իսկ խայծը կուլ չտալ Փաշինյանն արդեն չի կարող, քանի որ ընդհուպ հասել է վարչապետական իշխանությունն անխուսափելիորեն կորցնելու եզրին։

Ճիշտ է, Փաշինյանն առնվազն 2015-ից հանգամանորեն սերտել է մեծ խառնակչի իշխանակալական խարդավալից փորձն ու կատարելապես կրկնօրինակել է նրան, սակայն հաշվի չի առել մեկ որոշիչ հանգամանք. բնօրինակը միշտ գերազանցում է պատճենին։ Մինչդեռ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ կա շատ ավելի պարզ իրողություն. հաճախ ձգտելով ավելի լավին` լավն եք կորցնում։ Սա մեծահոգի հիշեցում է և՛ Փաշինյանին, և՛ մեծ խառնակիչ ԼՏՊ-ին»։

Սիմոն Գյուրջյան. լրագրող 

https://www.panorama.am/am/news/2019/02/23/%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/2076861?fbclid=IwAR3kQwcZN3-4RuxCzckYhvJOTsj9cBL1Wd2hKzv2fmFN3kv-Uilz035PQbI

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ