23 02 2019

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է․ РЕН ТВ



Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։ Տեսանյութի հեղինակը նշում է՝ Հայաստանում քաղաքական խոշոր սկանդալ է բորբոքվում, դատական գործընթացն արդեն իսկ աննախադեպ են անվանել, և այժմ այն լայն թափ է հավաքում։

«Այն մեթոդները, որոնք ներկայիս իշխանությունն օգտագործում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, գնալով ավելի են նմանվում ռեպրեսիայի»,- նշվում է ռեպորտաժում։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հեռուստաընկերության հետ զրույցում նշել է․ «Իշխանությունը փաստացի մեկուսացրել է մարդու, ով ցանկացած պահի կարող է լուրջ մրցակից լինել ցանկացած ընտրության ժամանակ»։

«Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարելուց անմիջապես հետո հայտնվեց կալանքի տակ։ Նրան հետապնդում են, քանի որ պաշտոնից հեռանալով՝ նա ընդդիմությանը թույլ չտվեց ապօրինաբար զավթել իշխանությունը։

Գաղտնալսված և հրապարակված հեռախոսազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է ավարտել Քոչարյանի գործը, ինչին և այժմ ձգտում է քննությունը։

76 հատորանոց գործին ծանոթանալու համար փաստաբաններին մեկուկես անգամ քիչ ժամանակ են տվել»,- նշում է РЕН ТВ-ն՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է, կալանքի տակ է՝ չնայած սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիությանը։

Տեսանյութում անդրադարձ կա նաև Ռոբերտ Քոչարյանի որդուն, Սեդրակ Քոչարյանին, ում դեմ ևս քրեական գործ է հարուցվել։ Սեդրակ Քոչարյանն առհասարակ չի շփվում մամուլի հետ, սակայն բացառիկ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցին, քանի որ, ըստ նրա, լռել այն մասին, թե ինչպես է իրեն դրսևորում ՀՀ նոր իշխանությունը, արդեն հնարավոր չէ, բոլոր խոսակցությունները՝ ժողովրդավարական փոխակերպումների մասին, ավարտվեցին ճղճիմ վրեժխնդրությամբ։

«Խոսքը արժեքները նպատակմղված փոխակերպելու և Հայաստանի նորագույն պատմությունը վերաշարադրելու մասին է»,- նշել է Սեդրակ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ