22 02 2019

Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70%-ը․ Zham.am

Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70%-ը․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ցանկացած իշխանություն ունենում է հրապարակայնորեն բաց և գաղտնի հեռահար նպատականեր: Այս իմաստով բացառություն չեն կազմում նաև ներկայիս իշխանությունները: Թե որոնք են նրանց նպատակները այս կամ այն հարցում, դեռ մինչև վերջ հայտնի չէ: Քանզի նրանք երբեք իրենց հեռահար նպատակները մինչև վերջ չեն բացահայտել: Սակայն ամեն մի իշխանություն ունի իր «Գիքորը», ով տեղի ու անտեղի տեղեկատվական արտահոսքեր է թողնում՝ ներկայացնելով իշխանության գաղտնի մտադրությունները:

Այդ արտահոսքերը կարող են լինել, և պատահական, և նպատակաուղղված բնույթի:

Ներկայիս իշխանությունն այդ իմաստով ունի ոչ թե մեկ, այլ՝ մի քանի «գիքոր»: Դրանցից մեկն էլ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի անդամ Հովիկ Աղազարյանն է, ով շատ է սիրում հարցազրույցներ տալ այս կամ այն լրատվամիջոցին:

Վերջին իր հարցազրույցներից մեկում նա գրեթե սենսացիոն բացահայտում արեց, նշելով, որ իշխանությունները մտադիր են խոշոր սեփականատերերի «կուլակաթափություն» անցկացնել՝ հպարտորեն ակնարկելով, որ «ժողովուրդը այդ գործընթացից իր արդար հատուցումը վերջապես կստանա»:

Լրագրողի այն հարցադրմանը, թե ո՞ր մասը պետք է իշխանությունը «կուլակաթափի», պարոն Աղազարյանը ժպիտը դեմքին նշեց, որ «նրանց աշխատածի 70 տոկոսը»:

Սա շարքային բամբասանքի տպավորություն չէր թողնում, այլ իրական մտադրություն, որը իշխանությունը դեռ հասկանալի պատճառներով գաղտնի է պահում:

Այս տեսանկյունից Հովիկ Աղազարյանի ժամանակից շուտ բաց թողնված այս մեսիջը կարող է կամ պատահականություն լինել, կամ էլ՝ իշխանության կողմից կանխամտածված քայլ:

Օրինակ, այս քայլով Փաշինյանը ուզում է ստուգել հանրային տրամադրությունները, որից հետո կորոշի, թե ինչ վճռականությամբ կարող է գնալ այդ քայլին: Կամ էլ, այդ քայլով նա փորձում է՝ հույսեր փայփայել տալ հանրության առավել «բոմժական» զանգվածի մոտ, որը դժգոհ է Փաշինյանից, որ չի գնում «հեղափոխական կուլակաթափություն անցկացնելու ճանապարհով»:

Անկախ նրանից, թե որ վարկածի մասին է խոսքը, Աղազարյանի այս մեսիջները ցույց են տալիս, թե ինչ անլուրջ վիճակի մեջ է հայտնվել երկիրը, որ տեղական «мотрос-железняк»-ները արդեն խրորտ ձայնով խոսում են իրենց խայտառակ վտանգավոր պատկերացումների մասին:

Թե ինչքան կդիմանա այս անհեթեթ իրավիճակը, դժվար է ասել, բայց մեկ բան պարզ է, որ Հայաստանը այս իրավիճակին երկար դիմանալու ռեսուրս չունի, քանզի այն ուղղակի կազդի մեր բոլորիս անվտանգության վրա:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ