21 02 2019

Քաղաքական անամոթության Էվերեստին հասնելու և մարտի 1-ի երթի մասին

Քաղաքական անամոթության Էվերեստին հասնելու և մարտի 1-ի երթի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անկախ իրենց արտախորհրդարանական կարգավիճակից, իրենց հաջողվում է լարված պահել իշխանություններին:

«Երեկ նշում էինք արցախյան շարժման 21-ամյակը և հերթական խորը հիասթափությունն ապրեցի Հայաստանի գործող իշխանության վերաբերմունքից Արցախի եւ արցախյան շարժման հանդեպ: Հայաստանի նոր իշխանության կողմից չկար համարժեք վերաբերմունք այս կարեւորագույն պատմական իրադարձությանը:

Նիկոլ Փաշինյանը «լայաղ արեց» անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում: Այդ օրը բազմաթիվ բաներով զբաղվել է, բայց 5 րոպե գտնել եւ ուղերձը ժամանակին սղագրել ու տեղադրել կայքում, Նիկոլ Փաշինյանը ժամանակ չուներ: Միայն գիշերվան մոտ մի տեքստ հրապարակվեց, որտեղ վարչապետն իբր շնորհավորում էր արցախյան շարժման հերթական ծննդյան օրը:

Ավելի լավ էր այդ ուղերձն էլ չունենար, որովհետեւ կարդալով տեքստը՝ հասկանում ես, որ այդ մարդը ադեկվատ չէ պատմական զարգացումների, ազգային արժեհամակարգի հանդեպ: Նա այդ տեքստի մեջ նորից «ճխտել է» իր՝ անցյալ տարի իրականացրած իշխանափոխությունը՝ փորձելով հավասարության նշան դնել արցախյան շարժման եւ նախորդ տարվա իշխանափոխության միջեւ»,-նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ դա համարում է զարհուրելի քաղաքականություն:

«Սա անարգանք ու վիրավորանք էր արցախյան շարժման մասնակիցների, հերոսների հանդեպ, հերոսամարտում ընկած տղաների հանդեպ: Միայն  ամենաբորբոքված մտքով կարող է անցնել հավասարակության նշան դնել Արցախի շարժման եւ ՀՀճ-ում իրականացված իշխանափոխության միջեւ: Միայն քաղաքական անամոթության Էվերեստին հասած մարդը կարող է այս առիթը օգտագործել սեփական ռեկլամի համար»:

Առավել մանրամասնր՝ տեսանյութում:

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։

Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։

Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։

Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…

Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա’յ պարոն, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։ Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։

Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու Նախագահ Քոչարյանին։

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։

Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:Բայց ինչպես կասեին Հին Աթենքում,ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ