20 02 2019

Ում ականջներն են երևում ՀՔԾ-ի ետևում

Ում ականջներն են երևում ՀՔԾ-ի ետևում

Top-news.am-ը գրել է․ «Գնալով ավելի ու ավելի են տարածվում այն լուրերը, որ Արցախի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իսկ ՀՔԾ-ի ղեկավարությանն ակտիվ խորհուրդներ է տալիս Գագիկ Ջհանգիրյանը:

Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հնարավոր համագործակցությանն անդրադառնալը խոսենք Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՔԾ-ի շփումների մասին:

Այսպես, Գագիկ Ջհանգիրյանն ինքն ամեն ինչ անում է, որ նման լուրերը, որոնք կախված են օդում, եւ որի մասին խոսում են հայաստանյան գրեթե բոլոր սրճարաններում, ավելի ու ավելի լայն տարածում ստանան:

Մասնավորապես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա կանխատեսում էր, թե Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների ցանկը կարող է ընդլայնվել, որից հետո ՀՀ երկրորդ նախագահին նոր մեղադրանք է առաջադրվում: Ընդ որում, նրան մեղադրում են կաշառք վերցնելու մեջ, երբ որեւէ հիմնավոր փաստարկ, ինչպես պնդում է պաշտպանվող կողմը՝ գոյություն չունի:

Հիմա էլ նույն լրատվամիջոցի հետ զրույցում Ջհանգիրյանը շեշտեց, թե չի բացառվում, որ կլինեն նոր մեղադրանքներ: Ուշադրություն դարձրեք, որ նա չի ասում, թե ես կապ չունեմ ՀՔԾ-ի հետ, տեղյակ չեմ քննության ընթացքին, պատկերացում չունեմ գործերից եւ չեմ կարող կանխատեսումներ անել, այլ ասում է, թե ոչինչ չեմ բացառում ու ավելացնում. «կարծում եմ՝ այս փուլում մեղադրանքների ծավալն այլևս չի ընդլայնվի, որովհետև, ինչքան տեղյակ եմ տուժողների իրավահաջորդի ներկայացուցչի հետ իմ ունեցած զրույցից, մոտ օրերս այդ մասով նախաքննության ավարտ կհայտարարվի, և գործը կներկայացվի կողմերին՝ ծանոթության»: 

Ավելին, նա նույնիսկ եկել է այն եզրահանգման, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի գործերը կմիացվեն իրար:Ամենահետաքէրքիրն այն է, որ նա նման եզրահանգման է եկել, իր ասելով, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հետ շփումներից հետո:

Եւ այսքանից հետո դեռ զարմանում են, թե ինչու են օդում նման լուրեր կախվում:

Ինչ վերաբերում է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի տված հնարավոր խորհուրդներին, ապա այս լուրերի ծագման պատճառն էլ վարչապետի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ արած հայտարարություններն են: Եւ այսպես.  

Անցած տարվա մայիսի 9-ին Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը հակամարտության կողմ է: Նույն օրը նա հայտարարեց, թե բանակացային այս ձեւաչափով հնարավոր չէ առաջ ընթանալ, եւ որ հակամարտության երրորդ կողմը՝ Արցախը, պետք է լիարժեք մասնակցություն ունենա բանակցություններին:

Սրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսում է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ասելով, թե սրանք բանակցություններ չեն այլ շփումներ: գուցե շփվում են նաեւ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:

Անցած տարվա հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարում է, թե պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, բանակցության նյութ կա, եւ այդ նյութերին մենք պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք եւ բանակցենք:

Ավելացնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը զրկված է ազատությունից, իսկ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ահա թե որտեղից են օդում կախվում նաեւ այս լուրերը»։

Վահրամ Գեւորգյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ