05 02 2019

Պատերազմը հեռու չէ. Ռուբեն Հակոբյան․ Tert.am



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Արտաքին քաղաքականության ոլորտը ստվերային է ու անդրկուլիսյան: Ես չեմ կարծում, որ ինչ խոսում են, պետք է միանգամից հայտարարեն: Այլ հարց է, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ տեղյակ էր, թե ինչի մասին է խոսքը: Մեր վարչապետը խորամանկության դիմեց, գավառական խորամանկություն էր դա: Երբ ասում է, որ 1,5 ժամ պատահական հանդիպեցին, ձեռք ձեռքի տվեցին... եղբա՛յր, խնայիր մեզ, այդպես չի լինում:

Շատ բնական է, որ նստել-խոսել են Արցախի մասին, ու հաջորդ օրը հենց Դավոսում Բոլթոնը զանգում է, ու պարզ էր, որ Արցախի մասին է խոսքը: Փաշինյանի մոտ միամտություն կա, ասաց, որ Արցախի մասին խոսք չի եղել, ու դրանով ասաց, որ խոսքը Արցախի մասին է եղել»,- նշեց Ռուբեն Հակոբյանը: 

Քաղաքական գործիչը նշեց, որ չի կարծում, թե Փաշինյանը «հատուկ նպատակով գնացել է, որ հողերը հետ տա»: Միաժամանակ նշեց, որ «անփորձությունը, խորհուրդներ չընդունելու ինքնասիրահարված կեցվածքն» իր համար ընդունելի չեն:

«Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Հայաստանը Ղարաբաղի փոխարեն չի բանակցի, Հայաստանը ներկայացվեց որպես հակամարտության կողմ: Նման բան չէր ասվել: Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ձգտել էին Հայաստանին ներկայացնել որպես հակամարտող կողմ: Երբ հակամարտող կողմ ես, նշանակում է, որ հողային պահանջ ունես: Հայաստանից որևէ պաշտոնյա նման եզրույթ չի օգտագործել, որովհետև դառնում ես հողային պահանջ ներկայացնող կողմ:

Ես ասացի, խորհուրդ տվեցի, որ սա չի կարելի, բայց հասկացա, որ դիվանագետներից թևերի տակ ձմերուկ դնողներ կան, սկսեցին հակառակն ասել»,- հավելեց Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին, վերջինս «որևէ մեկի հետ, կարծես, չի հանդիպում», «նույնիսկ հեռախոսին չի պատասխանում»:

Նայելով տեսախցիկի մեջ՝ Ռուբեն Հակոբյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի՛ Փաշինյան, վատ չի, որ խորհուրդներ լսեք: Կարող է ունենանք վիճակներ, որի համար պատասխանատու լինեք ոչ միայն դուք, այլև մենք բոլորս, մեր պետությունը»:

«Երբ ասում են ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, հասկանում ես, որ ինչ-որ բան տեղի է ունենում, գործընթաց է սկսվել: Եվ պատահական չէ, որ դրանից հետո հանդիպում տեղի ունեցավ, Բոլթոնը զանգեց: Մենք պետք է մեր սխալներից սովորենք: Երբ գալիս ենք իշխանության, պետք է քոնը հակադրես, ցույց տաս, թե ինչու ես նոր»,- ավելացրեց Ռուբեն Հակոբյանը:

Նախկին պատգամավորը նկատեց, որ խաղաղությունը վատ բան չէ, «մարդը իր հետ պետք է խաղաղ լինի», խնդիրն այն է, թե ով է խոսում դրա մասին և երբ:

«Գործընթաց է սկսվել, ժողովուրդը պետք է պատրաստ լինի խաղաղության գործընթացը ընդունել: Այս ընթացքում ադրբեջանական կողմը շահեց, ցավոք, եկել է ինչ-որ պահ, ենթադրում եմ, Փաշինյանը պետք է հաշիվ տա պայմանավորվածությունների համար, որոնք չեն կատարվելու: Չեմ ցանկանա, որ մեր ժողովուրդը խուճապի մեջ լինի, բայց պատերազմը՝ որպես այդպիսին հեռու չէ: Տա Աստված՝ սխալվեմ»,- շեշտեց Ռուբեն Հակոբյանը:

Նա ասաց, որ հնարավոր է՝ «այն ժամանակ Ադրբեջանին ձեռք չի տվել խաղաղությունը, իսկ հիմա ձեռք է տալիս»: «Պետք է ողջունել, որ վերջին ամիսներին չեն կրակում, բայց միգուցե դա գին ունի: Ադրբեջանը չի համաձայնել, երբ դա իր շահերից չի բխում: Երբ կան երկու կողմեր: Դիվանագիտության մեջ «ոչ» ասելը լավ բան չի ընկալվում:

Մենք օգտվել ենք Ադրբեջանի «ոչ»-ից: Մենք ասել ենք «այո», երբ իմացել ենք, որ Ադրբեջանը պետք է «ոչ» ասի: Սա պարզ խաղ է: Ադրբեջանը չի համաձայնել, երբ զգացել է, որ դա իր շահերին դեմ է, Ալիևը մի կես բերան չի ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է իրացնել ինքնորոշման իր իրավունքը: Ոչ մի անգամ չի ասվել, որ Բաքուն կողմ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ադրբեջանական մամուլից պարզ է, որ հիմա էլ բանակցությունների հիմքում ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պետք է հայկական զորամիավորումները դուրս գան իրենց խոսքերով «օկուպացված» տարածքներից»,- ասաց նախկին պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ