29 01 2019

10 զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել, թե իբր այսպես բացահայտում ենք. Ռուստամյան



ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը և Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը մամուլի ասուլիսում անդրադարձան բազմաթիվ հարցերի՝ մարտիմեկյան իրադարձություններից, ընթացող քննչական գործողություններից մինչև ղարաբաղյան խնդիր և ՀՅԴ-իշխանություն փոխադարձ վերաբերմունք։

«Մենք պաշտպանել ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանին՝ որպես անձի, այլ՝ արդարադատությունը, և մենք այդտեղ խնդիր ենք տեսնում: Այն ձևով, որ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ մյուսներն են ընդգրկվում այդ պրոցեսի մեջ, այսպես ասած՝ մայր գործի մեջ, սա մեզ մոտ մեծ մտահոգություններ է առաջացնում` մեր երկրում արդարադատության իրականացման մասով: Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, արդարադատությունը չպետք է տպավորություն ստեղծի, թե հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդում: Արդարադատությունն առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները: Երբ այս ձևով է դրվում մեղադրանքը, փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել: Դրվում է մի մեղադրանք, որը պետք է ապացուցվի, և հետո միայն գտնենք մեղավորին, այսինքն` տվել ենք մի ձևակերպում՝ սահմանադրական կարգի տապալում, որը դեռ պիտի ապացուցվի՝ եղե՞լ է, թե՞ ոչ, և նոր գտնենք տապալողին: Մինչդեռ` կար շատ ակնհայտ փաստ՝ 10 զոհ: Այդ մարդկանց զոհվելու մեղավորներին գտնեինք, և երբ այդպես գտնենք, կարկինը շատ ավելի լայն կբացվի, և ովքեր առնչություն են ունեցել այդ մարդկանց զոհվելուն, որևէ կերպ նպաստել են, ինչ-որ ձևով մթնոլորտ են ստեղծել, որ այդ զոհերը լինեն, նրանք էլ պիտի ընդգրկվեն և իրենց ցուցմունքներով նպաստեն բացահայտմանը: Չպետք է ասել՝ մի մասը մեղավոր է, մյուս մասը՝ ոչ: Մեր խորին համոզմամբ` երկու կողմում էլ կան մեղավորներ։ Այս գործը մինչև հիմա քաղաքական ենթատեքստով է ներկայացվում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը սխալ տեղ է տանելու, մոռացվել է՝ ովքեր են կրակել, ում հրահանգով: «10 զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել, թե իբր այսպես բացահայտում ենք՝ ովքեր են կանգնած այդ զոհերի հետևում»,- շեշտեց Ռուստամյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ