25  01  2019

Անօգնական զինվորից մինչև աշխատավարձերի կրճատում. Ակտիվ Facebook

Անօգնական զինվորից մինչև աշխատավարձերի կրճատում. Ակտիվ Facebook

Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության նախարարությունը փոխանակ միջոցներ ձեռնարկի առողջական ծանր վիճակում հայտնված եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանին որևէ բուժհաստատություն տեղափոխելու, խեղաթյուրված պարզաբանումներ է տարածում, ընդ որում զինվորն այդ օրին է հասել զինվորական ծառայության ընթացքում՝ ծեծի և բռնության արդյունքում: Տուժողի կարգավիճակ ունեցող անօգնական զինվորին շարունակում են պահել իրենց հսկողության տակ գտնվող ռազմական ոստիկանությունում:Սա անմարդկային վերաբերմունք է և խոշտանգում: Այդ կիսատ պռատ, խեղաթյուրված պարզաբանումները տարածելու փոխարեն լավ կլիներ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեր զինվորին, ինչպես դա միշտ արել է նախկին նախարար Սեյրան Օհանյանը»:

Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ»։ Սա փոքրիկ մեջբերում ա Արտակ Զեյնալյանի վերջին գրառումից։ Իհարկե, հրաշալի ա, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարողացել ա բյուջեից հատկացվող գումարի մի մասը տնտեսել, բայց կա մի «բայց»…

Ինձ, օրինակ, շատ հետաքրքիր ա, թե ի՞նչ ճանապարհով ա էդ գումարը տնտեսվել։ Արդյո՞ք նշված գումարի մի մասը տնտեսվել ա այն աշխատակիցների հաշվին, որոնց աշխատավարձի չափը կրճատվել ա։ Կրճատվել ա անգամ էն պայմանագրայինների աշխատավարձի չափը, որոնք վաստակում էին ընդամենը 80.000 ՀՀ դրամ։ Ընդ որում՝ աշխատավարձերի չափը փոփոխել են բավական «ուշագրավ» եղանակով։ Աշխատակիցների նոր պայմանագրերում աշխատավարձի չափը նշվել ա միայն այն բանից հետո, երբ դրանք ստորագրվել են։ Հասկանու՞մ եք, մարդկանց երկընտրանքի առաջ են կանգնեցրել. կա՛մ ստորագրում եք՝ առանց աշխատավարձի չափն իմանալու, կա՛մ ցտեսություն։ Միայն մեկ ամիս անց են մարդկանց տալիս թվով պայմանագիր, որ ստորագրեն, բայց «կա՛մ ստորագրում եք, կա՛մ ցտեսություն»-ն ուժի մեջ ա մնում։ Սա էր ամենն, ինչ ուզում էի ասել էս թեմայով։  Հուսով եմ՝ իմ հարգանքն ու համակրանքը վայելող Արտակ Զեյնալյանն այս «խալտուրայից» տեղյակ չի եղել և կզբաղվի այս հարցով, իսկ հետո ես նույնպես կուրախանամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տնտեսած գումարի չափից»։

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծիք կա, թե ժողովրդավարությունն ինքնին, պատկերավոր ասած, ամեն ցավի սպեղանի է, և այս համատեքստում Բաքվի բռնապետական վարչակարգի դեմ հանդիման Հայաստանի ժողովրդավար լինելն արդեն իսկ հաղթանակի գրավական է։

Անշուշտ, շատ դեպքերում մեր ժողովրդավարությունն առավելություն է, բայց պետությունների պայքարում հաղթում է ամենաուժեղը, կազմակերպվածը և պատրաստվածը, այլ ոչ թե ամենաժողովրդավարը։ Տիպաբանական բոլոր տարբերություններով հանդերձ, ասվածի դասական ապացույցը 20-րդ դարի կեսերին արդյունաբերական և նույնիսկ ռազմական առումով զարգացած ժողովրդավար Չեխոսլովակիայի անփառունակ անկումն էր Հիտլերի բռնապետական վարչակարգի կողմից կառավարվող ֆաշիստական Գերմանիայի հարվածների տակ։

Այսինքն ժողովրդավարությունն, ըստ էության, հաղթանակի կարևոր, բայց ամենևին ոչ միակ և բավարար պայման է, իսկ վերոնշյալ մտայնությունն՝ անհիմն, պատրանքային և վտանգավոր»։

Գագիկ Սարգսյանը բաց նամակ է հղել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանին․

«Սիրելի ընկերներ, սովորաբար զուսպ եմ նման գրառումներ կատարելիս բայց այս մեկին չէի կարող չանդրադառնալ: Ցավով և մեծագույն զարմանքով կարդացի երեկ «Մեդամաքս»-ին տրված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանի հարցազրույցը, մասնավորապես արտահայտությունը, թե իբր «Ֆիզկուլտ ինստիտուտը ռեսթարթի կարիք ունի»․․․ Խնդրում եմ խոսքերս ընդունել որպես ընկերոջ, որն իր կյանքի լավագույն տարիներն ու մեծ մասն անցկացրել է հենց Ֆիզկուլտ ինստիտուտում, ինչպես և դու հարգելի Գաբրիել: Եվ մեր կարիերայի առաջընթացով և ունեցած հաջողություններով մենք բոլորս միասին և այդ թվում և դու հարգելի Գաբրիել, պարտական ենք հենց մեր բուհին և այն մարդկանց, որոնք կրթել և դաստիարակել են մեզ, որոնց առաջ խոնարհվում եմ…

Տարիներ շարունակ, զբաղեցնելով փոխնախարարի և նախարարի պաշտոն, բազմաթիվ անգամներ այցելել ես քո մայր բուհ և լսել ենք միայն գովեստի և դրվատանքի խոսքեր.. Երանի գեթ մեկ անգամ հանդես գայիր որևէ նախաձեռնությամբ և միասին փորձեինք «Ռեսթարթ» անել «ծրագրերն ու գիտամեթոդական մոտեցումը», այլ ոչ թե հեռանայիք ինստիտուտից և կտրվեիք բուհական իրականությունից…

Հարգելի՛ ընկեր, մեր բուհում ռեսթարթը մշտական գործընթաց է, գործընթաց, որին մասնակից են հանրապետության լավագույն և պրոֆեսիոնալ կադրերը: Կադրեր, որոնք սերունդներ են կրթել, պրոֆեսիոնալ մարզիկներ և մարզիչներ պատրաստել, էլ չեմ ասում վերջին տարիներին բուհի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի շարունակական երիտասարդացումը` երիտասարդներ, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով ուղղակի փայլում են թե՛ հանրապետությունում, և թե՛ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերվում է նրան, որ ըստ քեզ «Ժամանակն է, որ ֆիզկուլտինստիտուտը սպորտում կարևոր դեր խաղա, ինչը սակայն չի անում»..․ Շատ ցավում եմ, որ այս արտահայտությունը քեզանից եմ լսում…

Տպավորություն է, թե կտրվել էս մեր իրականությունից..․ Արի միասին շրջայց կատարենք մեր հարազատ ինստիտուտի բոլոր ամբիոններով: Ովքեր են մեր հարգարժան կոլեգաները, մարդիկ, որոնք պատրաստել և պատրաստում են ՀՀ մարզաձևերի հավաքական թիմերի լավագույն մարզիկների, ՀՀ սպորտի և միջազգային կարգի սպորտի վարպետների, մարդիկ որոնք կրթել են իմ և քո նման մասնագետների, որոնք ղեկավարում են այսօր մարզաձևեր, մարդիկ որոնք ֆեդերացիաների անդամներ են, երիտասարդ մասնագետներ, որոնք չնայած իրենց տարիքին արդեն իսկ աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով..․ Էլ ի՞նչը պետք է անեին, որ չեն անում։ Եվ թվարկածս մարդիկ «Ռեսթարթ» են անում առանց բարձրաձայնելու…

Եվ վերջում իմ սիրելի ընկեր, ուղղակի կցանկանայի, որ այն բոլոր առաջարկները, որոնք արվել են իմ կողմից, տարիներ շարունակ (և մնացել ուղղակի խոստումների դաշտից) դահուկային սպորտը «Ռեսթարթ» անելու հարցում..․ Իսկական ժամանակն է Ի ԳՈՐԾ..

Հ․Գ. Խնդրում եմ Չանձնավորել, Չքաղաքականացնել.. Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Սարգսյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ