24  01  2019

ՀՀ վարչապետը շարունակում է Դավոսում հանդիպումներ ունենալ

ՀՀ վարչապետը շարունակում է Դավոսում հանդիպումներ ունենալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ:

Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում: Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարության զարգացման հարցում բարձր է գնահատում Շվեյցարիայի փորձը և Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությամբ: Իր հերթին, Ուելի Մաուրերն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է այդ ուղղությամբ ևս սերտացնել կապերը Հայաստանի կառավարության հետ:

Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ ևս քննարկել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:

Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է Թումո կենտրոնի հաջողված գործունեության մասին, և իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը: Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երևանում անցկացված գագաթնաժողովը և նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում:

Վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ