17  01  2019

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարների հետ, ապա նաեւ համատեղ հանդիպում է եղել: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Սա երկու երկրների ԱԳ նախարարների 4-րդ հանդիպումն էր:

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար  Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:

«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:

Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:

Հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գգործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:

Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար:

Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:

Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ.,-ասված է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ