11  01  2019

ՌԴ քաղաքացի հայերի մուտքն Ադրբեջան արգելել են․ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգ է

ՌԴ քաղաքացի հայերի մուտքն Ադրբեջան արգելել են․ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգ է

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Զախարովան նշել է այդ թվում սոցիալական կայքերում բազմաթիվ հրապարակումների մասին, ըստ որոնց՝ ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա նախորդ տարի մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ, ՌԴ քաղաքացիների էթնիկ ծագումը հիմք ընդունելով՝ նրանց թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մուտք գործել: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիներին մի քանի ժամ սպասեցրել են օդանավակայանում, ինչից հետո բռնի կերպով հետ են ուղարկել երկրից՝ առանց պաշտոնական պատճառ նշելու»,-ասել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում՝ ընդգծելով, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմն ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել է ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա, պահանջել է դադարեցնել այդ գործելաոճը, քանի որ այն համատեղելի չէ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ: «Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-եզրափակել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ