11 01 2019

Դեռ պատգամավոր չդարձած՝ օրենք են խախտում

Դեռ պատգամավոր չդարձած՝ օրենք են խախտում

Հունվարի 10-ին «Իմ քայլը» դաշինքը փակ նիստ էր անցկացրել ԱԺ նիստերի դահլիճում։ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դա համարում է օրենքի խախտում, ինչի առիթով ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

Երկրորդ մտահոգությունս առնչվում է ավելի հիմնարար խնդրի. մեր գործընկեր «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ։ Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում և միաձուլվում եք գործադիր իշխանության հետ... Սա լուրջ և մտահոգիչ հարց է։

Հորդորում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ մայր օրենք Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ