10  01  2019

Ի՞նչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը գազի գնի հարցով 2014թ-ին․ «Մեդիամաքս»

Ի՞նչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը գազի գնի հարցով 2014թ-ին․ «Մեդիամաքս»

Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

  • 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-13

Հունվարի 13-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր համար «անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը»:

«Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին: Դա երեւում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որեւէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, եւ կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ եւ ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:

Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաեւ՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի), իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ  իշխանության գործադրած ջանքերի մասին», - ասում էր Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում:

Նախկին նախագահը նաեւ «ծայրահեղ խոցելի» էր անվանել համաձայնագրի այն հատվածը, որով «Գազպրոմը» մինչեւ 2043 թվականը Հայաստանում մենաշնորհի բացառիկ պայմաններ էր ստանում:

«Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը,  ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, եւ վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որեւէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել», - ասում էր Ռոբերտ Քոչարյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Մեդիամաքս»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ