09 01 2019

Պուտինի ուղերձը Քոչարյանին ՀՀ-ՌԴ բարդ հարաբերությունների ապացույցն էր․ Կոմերսանտ

Պուտինի ուղերձը Քոչարյանին ՀՀ-ՌԴ բարդ հարաբերությունների ապացույցն էր․ Կոմերսանտ

Ռուսական «Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և ՀՀ նոր իշխանությունների հարաբերություններին և առաջացած բարդություններին։

«Մայիսին Նիկոլ Փաշինյանը հասավ վարչապետին աթոռին՝ գրավելով Սերժ Սարգսյանի տեղը։ Քաղաքական գործչի դաշնակիցը, ով նախկինում Հայաստանի տարածքից դուրս գրեթե անհայտ էր, դարձավ փողոցը, որի աջակցությամբ պարոն Փաշինյանը հասավ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր մարդու ընտրությանը, իսկ հետո նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և նրա «Իմ քայլը» դաշինքը հեշտությամբ ահռելի տարբերությամբ հաղթեց իր մրցակիցներին։

Նիկոլ Փաշինյանի կազմակերպված «թավշյա հեղափոխությունը» ողջ աշխարհին ստիպեց քարտեզի վրա փնտրել այդ երկիրը և հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։

Արևմուտքում անարյուն իշխանափոխությունը բարձր գնահատեցին։ Ամերիկյան Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին շնորհեց «ժողովրդավարության խաչակրի» տիտղոսը, իսկ բրիտանական The Econimist-ը Հայաստանն անվանեց տարվա երկիր։

Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը ևս դարձավ 2018 թվականի գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, թեկուզ և առանց ինչ-որ տիտղոսների։ Սակայն ժողովրդավարությունն այստեղ ոչ մի կապ չունի։ Ռուսական իշխանությունները զգուշությամբ հետևում էին հայկական հեղափոխությանը և նրա առաջնորդին։ Եվ երևի թե պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որը միշտ բացասաբար է ընդունել ցանկացած բողոքական շարժում, կապ չունի՝ իր երկրի տարածքում, թե հարևանների, եթե ոչ բարիդրացիական, ապա հաստատ չեզոք էր։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ տրամադրված են ռուս-հայկական համագործակցության զարգացման ամրապնդմանն ուղղված աշխատանքին։ Հայտարարությունը եղավ ճգնաժամի վճռորոշ պահին։ Նիկոլ Փաշինյանը, հիմնվելով իրեն ողջունող փողոցի վրա, ճնշում էր նախկին ռեժիմը։ Այն բանից հետո, երբ նա իր նեղ գրասենյակից տեղափոխվեց վարչապետի գրասենյակ, Մոսկվայի համար տհաճ անակնկալներ սկսվեցին։

Նոր իշխանությունը նախաձեռնեց 2008 թվականի մարտի իրադարձությունները հետաքննությունը։ Մեղադրանքներ առաջադրվեցին Կրեմլի համար ոչ օտար մարդկանց՝ Հայաստանի նախկին նախագահ և Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանին և այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։

Հետաքննությունը հանգեցրեց Ռուսաստանի հետ լուրջ բախման․ Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետապնդելը գրեթե համարեց մտադրված հարված իր կողմից ստեղծված դաշինքի իմիջին։ Սակայն Նիկոլ Փաշինյանն օգտագործում էր ռազմավարություն, որը որդեգրել էր Հայաստանի իշխանության համար պայքարի ժամանակ՝ ոչ մի քայլ հետ։ Պարոն Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով՝ նա պահանջեց նրա տեղը Երևանի մեկ այլ ներկայացուցչի նշանակել։ Դա ընդլայնեց կոնֆլիկտի մասնակիցների շրջանակը։ Բելառուսը հայտնեց թափուր պաշտոնի համար իր իրավունքների մասին և աջակցություն ստացավ բոլորից, բացի Հայաստանից։ Զիջել չցանկացող Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի ասաց․ «Պետք է հասկանալ՝ մեր անվտանգության առումով կարո՞ղ ենք արդյոք մենք լուրջ վերաբերվել ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ»։

Կադրային հարցը չհաջողվեց լուծել նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին։ Ինչով էլ որ ավարտվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման՝ 2019 թվական տեղափոխված պատմությունը, Փաշինյանը վերջնականապես Մոսկվայի համար անհարմար գործընկերոջ կերպար ստեղծեց, որից կարելի է ամեն ինչ սպասել։

«Ոչ համակարգային, ոչ պետական գործիչը հապշտապ սխալներ գործեց և շուկայական տարր է բերում միջազգային հարաբերություններ,- մեզ հետ զրույցում ՀՀ վարչապետին այսպես բնութագրեց ռուս պաշտոնյաներից մեկը, ով զբաղվում է հայկական ուղղությամբ,- Հայաստանում ձևավորված անձնական իշխանության ռեժիմն անհանգստացնում է, քանի որ ի տաբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Նուրսուլթան Նազարբաևի՝ Փաշինյանն անկանխատեսելի է»։

Բարդ հարաբերությունների ապացույցը դարձավ ամանորյա ուղերձը, որը Պուտինն ուղղեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական թշնամի Ռոբերտ Քոչարյանին։ Ռուս առաջնորդը կալանքի տակ գտնվող հայ ընկերոջը «քաջառողջություն, ոգու ամրություն և արիություն» մաղթեց»»,- գրում է թերթը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ