07  01  2019

Անհապաղ ԱԳՆ հրավիրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. Էդմոն Մարուքյան

Անհապաղ ԱԳՆ հրավիրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերհասկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։

Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել այն դարձնելով հակահայկական ակցիա:     

Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։     

Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ այսօր առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»:

Հիշեցնենք, որ հայերի մասնակցությամբ սպանությունից հետո Ղազախստանում ցույցեր են տեղի ունեցել։ Կարագանդայում ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության հաջորդ օրը սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում հարյուրավոր ղազախներ իրենց վրդովմունքն են հայտնում ռւ մեղադրում են կատարվածի մեջ Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ