05 01 2019

Որոշել են մնալ մարզպետի պաշտոնում

Որոշել են մնալ մարզպետի պաշտոնում

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Հարգելի հայրենակիցներ,

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո առաջարկ ստացա շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հաշվի առնելով թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո հանդիպումներին, անձնական նամակներով մարզի բազմաթիվ բնակիչների ցանկությունը այս հարցի հետ կապված, ինչպես նաև սկսածս ծրագրերը շարունակելու և նորերը կյանքի կոչելու մտադրությունս` որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում:

Կուտակված խնդիրները ահռելի ծավալների են, միջոցները խիստ սահմանափակ են և ամեն օր անհնարինը հնարավոր դարձնելու պայքարի մեջ ենք ողջ թիմով: Լավ գիտակցելով մեր ուսերին դրված բեռը` պարտավոր ենք արդարացնել ՀՀ քաղաքացու սպասելիքները:

Հաջողություն եմ մաղթում թե՛ գործադիրում մնացող, թե՛ օրենսդիր գնացող մեր թիմին»,- գրել է նա:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ գործունեությունը շարունակելով Կոտայքի մարզպետի կարգավիճակում։

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկով և մեր քաղաքական թիմի որոշմամբ այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում, ըստ այդմ՝ ինքնաբացարկ հայտնելով Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից։

Նշեմ, որ “Իմ քայլը” դաշինքից թիվ 10 ընտրատարածքի տարածքային (ռեյտինգային) ընտրական ցուցակից ԿԸՀ-ն այսօր գրանցել է հետևյալ գործընկերներիս՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ․

1. Միքայելյան Սասուն Մեխակի (Սասուն Միքայելյան/ Sasun Miqaelyan)

2. Հովհաննիսյան Վահե Սահակի (Վահե Հովհաննիսյան) 3. Հակոբյան Վաղարշակ Սոսի (Vagharshak Hakobyan)

4. Ստեփանյան Լիլիթ Սասունի (Լիլիթ Ստեփանյան):

Շնորհավորում եմ մասնավորապես Կոտայքի մարզը ներկայացնող՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստանձնած ընկերներիս և մաղթում արդյունավետ ու բեղուն գործունեություն՝ ի նպաստ Կոտայքի և նրա ՔԱՂԱՔԱՑՈՒ։ Վստահեցնում եմ․ մենք համատեղելու ենք մեր ջանքը, որպեսզի օր առաջ Կոտայքում ունենանք արժանապատիվ կյանք կառուցելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու կայուն զարգացող բարեկարգ համայնքներ։

Եվ իհարկե, ևս մեկ անգամ ցանկանում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել Կոտայքի այն 20․934 Քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին ինձ՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով իմ քաղաքական կուրսին ու պատվիրակելով ինձ՝ շարունակելու գործունեությունս նաև այս կարգավիճակում, որպես կոտայքցիների շրջանում լրջագույն քաղաքական հենարան ունեցող տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ։

Ի գո՛րծ, հանուն ՀԱՅԱՍՏԱՆ պետության և նրա Քաղաքացու, հանուն #ԷտալոնայինԿոտայք-ի տեսլականի կյանքի կոչման»,- ասված է գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ