29  12  2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձը սպառնում է ՀՀ քաղաքացուն․ ահազանգ

Բարձրաստիճան պաշտոնատար անձը սպառնում է ՀՀ քաղաքացուն․ ահազանգ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ներկայացուցիչ՝  Թաթուլ Մկրտչյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Արձագանքելով 28․12․2018թ․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կազմակերպած մամուլի ասուլիսում հնչած մտքերին, ՀՀ վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը․ պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»։ Ստացվում է, որ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացողը իր գրառման վերջին արտահայտությամբ սպառնում է ՀՀ քաղաքացուն։ Փաստորեն, ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը խոսում է քաղաքացուն ցավ պատճառելու մասին, չմանրամասնելով սպառնալիքի  բնույթը և եղանակը։

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի 1-5 ենթակետերի՝ Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են՝

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն փաստում է, որ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը։

Մասնավորապես՝ բարոյական նորմերը չհարգելու, իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը չնպաստելու, իր պաշտոնին վայել վարքագիծ չդրսևորելու, բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է՝ հարգալից վերաբերմունք չցուցաբերելու առումով։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Դավիթ Սանասարյանի վերը նշված վարքագիծն իրավունքի տեսանկյունից հակաօրինական է և անթույլատրելի, բարոյական առումով՝ անպարկեշտ, մշակութաբանական իմաստով՝  հակաժողովրդավարական։

Ելնելով վերը շարադրվածից և առաջնորդվելով «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին առաջարկում է պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող Դավիթ Սանասարյանի գրառման մեջ բացահայտել էթիկայի կանոնների խախտման փաստը և միջոցներ ձեռնարկել ուղղված դրա վերացմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև փաստի առնչությամբ առաջարկություններ ներկայացնել ՀՀ Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն։

Միաժամանակ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն, հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը, դիմում է ՀՀ Դատախազությանը, առաջարկելով ստեղծել էթիկայի հաձնաժողով, որը կստուգի ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Դավիթ Սանասարյանի գրառման մեջ առկա էթիկայի կանոնների խախտման փաստը։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն միշտ հետևողական է լինելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից պահպանվեն էթիկայի կանոնները, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ