24 12 2018

Հեղափոխական առաջարկ կառավարությանը. 7or.am

Հեղափոխական առաջարկ կառավարությանը. 7or.am

7or.am-ը գրում է. «Անդրադառնալով նախարարությունների ու մասնավորապես՝ Մշակույթի նախարարության կրճատված աշխատակիցների բողոքին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախարարությունը լուծարելու մանդատ տվել է ժողովուրդն իր քվեով: Այլ կերպ ասած՝ նախարարությունը կրճատել է ժողովուրդը:

Դատելով ամենից՝ Փաշինյանի բոլոր անձնական որոշումները սրանից հետո ներկայացվելու են որպես «ժողովրդի որոշումներ». չէ՞ որ ինքը ժողովրդի վարչապետ է:

Փաշինյանն, իհարկե, շրջանցում է այն հարցը, թե ինչու նախընտրական փուլում ինքը չի խոսել կոնկրետ նախարարությունների կրճատումներից ու չի հիմնավորել, թե ինչու է կրճատում ու փոխարենն ինչ է ուզում անել: «Ժողովուրդը» նման բաներ չի սիրում անել:

Կրճատումների թեմայով Փաշինյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել:

«Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է․ մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,-ասել է Փաշինյանը:

Դե քանի որ նախարարությունը փակելու թեմայով Փաշինյանի հակափաստարկը վիրտուալ բնույթ է կրում և ավելի շուտ հարցի բովանդակային մասին անդրադառնալուց խուսափելու ձև է, ուստի մի հեղափոխական փորձարկում էլ մենք առաջարկենք:

Թող Կառավարությունը, ԱԺ-ն ու պետական կառավարման մյուս օղակները 3-5 ամիս չաշխատեն, տեսնենք՝ ժողովրդի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞: Այս օղակներն, ի դեպ, վերջին մի քանի ամսում փաստացի չեն աշխատել, իսկ եթե աշխատել են, ապա ընդամենը «Իմ քայլը» դաշինքի ու անձամբ Փաշինյանի շահերի սպասարկման օգտին և բավական թանկ նստել պետբյուջեի վրա:

Միգուցե այդուհանդերձ փորձե՞նք կյանքի կոչել այս հեղափոխական առաջարկը: Հատկապես որ որևէ վտանգավոր բան չի լինի ՀՀ-ի համար: Դա հաստատ ենք ասում, քանզի փորձը կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ