22 12 2018

Մանվել Գրիգորյանի ազատման որոշումն անակնկալ է եղել Փաշինյանի համար

Մանվել Գրիգորյանի ազատման որոշումն անակնկալ է եղել Փաշինյանի համար

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի», - ասել է պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ խնդիրն ավելի խորն է և բովանդակային, ու «անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել: Եվ մենք, պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով, հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք», - ասել է Փաշինյանը:

Խոսելով գազի գնի մասին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի:

Արդյոք քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց.  «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելուն Փաշինյանն ասաց, որ  չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ազատել նրան: 

«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ քրեական գործի նախաքննությունը ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի, դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ Էջմիածնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման՝ Փաշինյանն ասել է, որ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ իր համար դատարանի որոշումն անակնկալ է եղել: Նրա խոսքով, սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ ինքը չի միջամտում դատարանների անկախությանը։

Խոսելով նախարարությունների աշխատակիցների բողոքի ցույցերի մասին վարչապետն ասաց, որ ինքը բազմիցս հանդես է եկել պետական կառավարման համակարգում օտիմալացման մասին հայտարարություններով և ստացել ժողովրդի մանդատն այն իրականացնելու համար:

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա. նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է, մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ո՞ւզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մշակութային քաղաքականության հետ կապված կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում:

«Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր: Երկրորդը՝ մշակույթի նախարարությունը չի լուծարվելու, այլ կազմակերպական այլ կառուցվածքով կաշխատի: Ընդհանրապես, մեր կառավարման համակարգում կա մի այսպիսի խնդիր. սովորաբար աշխարհում 9-11 աշխատողին բաժին է ընկնում մեկ ղեկավար, մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին է բաժին  ընկնում մեկ ղեկավար: Այսինքն, մեր կառավարման համակարգում բոլորը նախարարներ են, պետեր, վարչության պետեր, բաժնի պետեր, պետերի տեղակալներ, աշխատող ավելի քիչ կա, քան ղեկավարություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերզամին, վարչապետն ասել է. «Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաև այս վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել ու անհանգստացրել, և այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ: Դա շատ կարևոր է նաև հետագայի համար, բայց ինչ  ասել եմ՝ դա իրողություն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ