22 12 2018

Օպտիմալացումից, ՀԱՊԿ-ից մինչև Եռաբլուրում հուղարկավորություն․ Ակտիվ Facebook

Օպտիմալացումից, ՀԱՊԿ-ից մինչև Եռաբլուրում հուղարկավորություն․ Ակտիվ Facebook

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ընտրություններում հաղթած պատգամավորները դեռ մանդատները չեն ստացել, բայց արդեն նրանց ընտրած քաղաքացիները նրանց դեմ բողոքի ցույցեր են անում:

Այ, սրա համար եմ ասում, որ ընտրություններն ազատ, արդարից բացի մեկ այլ բնութագրիչ էլ ունեն՝ արդյունավետ: Դա այն է, երբ ընտրողը ծրագրեր է կարդում, հարցեր է տալիս, ու ըստ դրանց քվեարկում: Մենք չունենք այդ ընտրողը, հետևաբար ընտրություններ անցկացնելը պարապ զբաղմունք է:

ՀԳ, Իսկ ինչ անենք՝ կհարցնեք: Գարնանը կասեմ, թե ինչ անեք. հուսով եմ ձմռան պաղությունը բարերար կազդի ժողովրդի ուղեղի վրա ու շատերի մոտ կվերականգնվի ռացիոնալ մտածողությունը: Այ, այդ ժամանակ կասեմ»:

 

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե էսօրվա կառավարության օրոք արդեն գործազուրկ դարձածները միասին դուրս գան փողոց, Հայաստանը մեկ տարում երկու «թավշյա հեղափոխություն» կանի։

90 մարդ Սփյուռքի նախարարությունից՝ չհաշված, թե մեկ աշխատողը քանի հոգու է պահում (ընտանիքի անդամներ, առևտրի ու ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներ և այլն),

Մի 200 մարդ՝ մշակույթի նախարարությունից,

Մի էդքան՝ գյուղնախարարությունից, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ու էլի կրճատման ենթակա նախարարություններից,

1000 հոգի՝ Լիդիանից, 5 հազար՝ Ալավերդու պղնձաձուլականից, Թեղուտից ․․․»։ 

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ասելիքս տրամաբանված է, բայց և ի տարբերություն գրառումներիս մեծամասնության՝ հուզական, ուստի ներողամիտ պիտի լինեն նրանք, ում այն կարող է մարդկայնորեն հուզել։

Ընտանիքի կողմից առարկության բացակայության դեպքում Մանվել Գրիգորյանը մահից հետո պիտի հուղարկավորվի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Երկրորդ տարբերակն անգամ չի կարող քննարկվել։ Լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի (հիմնադիր հրամանատար՝ Ռ․ Մարդանյան) զորավարը, որ դեռ ԽՍՀՄ օրոք Էդիլլվա ձորակում պարտիզանական կռիվ էր մղում սովետական օմօնի ու թուրքերի դեմ, մարդ, որին չկոտրեց ո՛չ իր, ո՛չ սիրած կնոջ՝ ադրբեջանական գերության մեջ հայտնվելը, հրամանատար, որը ասեց ու արեց, որ «իշքան էլ վատ ըլնի, էնքան մեր համար հեշտ ա, մե՛կ ա՝ ոչ թե գյուղերը պիտի տանք, այլ մենք Ֆիզուլին հարուր տոկոս պտի վերցենք» (https://goo.gl/rQrULB)՝ թուրքի գյուղերից դատարկելով հազարավոր քառակուսի կիլոմետրերով հողեր, որտեղ հայկական կազմակերպված զորք վերջին անգամ Բագրատունիների վախտ էր էղել, կամային ֆանատիկ, որ ամենածանր՝ 1993-1994 թթ․ պատերազմաշրջանում ռազմաճակատի ամենաքայքայված ու բարդ հատվածներում՝ Հորադիզում ու Մարդակերտում կատարեց իր ստորաբաժանման առջև դրված մարտական խնդիրը, չի կարող ունենալ վերջին հանգստի այլ վայր, քան Եռաբլուրը։ 

Շատ կներեք, իհարկե, բայց եթե պատերազմի ժամանակ հարյուրավոր այլ սփյուռքահայերի, Ջավախքի հայերի ու վերջապես հայաստանցիների պես դեպի Ղարաբաղ դեղորայք հասցրած, մեկ-մեկ էլ՝ տեսանկարահանող սարք բռնած և զուտ պետության նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի ցածր լեգիտիմության շնորհիվ թուրքական ազգայնական քայլերգի հնչյունների ներքո հողին հանձնված Սարգիս Հացպանյանի տեղը Եռաբլուրն է, բա գեներալ Մանվելի տեղը ո՞րտեղ է՝ Էջմիածնի քաղաքային գերեզմանո՞ցը, թե՞ դա էլ լայաղ չեք տեսնելու։

Ու առհասարակ․ Մանվելի մասին երկար կարելի ա բանավիճել, ու համոզված եղե՛ք, որ ինչ-որ մի կետից զրույցը դադարելու ա լինել նրա պատերազմական արժանիքների, հետպատերազմյան ենթադրյալ հանցանքների կամ բարոյական նկարագրի մասին։ Մանվելը հավաքական կերպար ա, և ինչպես մյուս դաշտային հրամանատարների ու պատերազմական հերոսների պարագայում, այս դեպքում էլ բանավեճն ինչ-որ կետից վերածվելու ա մտածողական ու գաղափարախոսական մի պարզ հարցի, թե արդյոք մենք ունե՞նք զուտ հայաստանյան ազգային օրակարգ, որով հողը, ու կներեք նացիստական բառիս համար՝ կենսատարածքը բարձրագույն արժեք են, ըստ այդմ՝ հող ազատողը՝ բնական հարգանքի արժանի մարդ, թե՞ մենք առաջնորդվում ենք միմիայն տվյալ ժամանակաշրջանի իմպերիալիստական աշխարհի, «կոմինտեռնի» թելադրած «թրենդային» օրակարգերով։

Վազգեն Սարգսյանը մի անգամ կիսաաբսուրդային բաժակաճառ ա ասել Մանվելի մասին՝ պնդելով, որ վերջինս Անդրանիկից ավելի ուժեղ հերոս ա, որովհետև հող ա գրավել։ Համեմատությունը մի շարք առումներով, իհարկե, վալիդ չի, բայց մտորելու ու խորհելու տեղ հաստատ տալի՛ս ա։ Մտորե՛ք ու խորհե՛ք…»։ 

Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ ««Ինչպես խոստացել էի, արդեն որպես հանրային պետական գործիչ համառոտ ցանկանում եմ անդրադառնալ երկու առանցքային խնդիրների՝ տնտեսությանը և անվտանգությանը: Բազմիցս եմ խոսել տնտեսության և անվտանգության ռազմավարական պլանավորման անհրաժեշտության մասին, ինչին ցավոք, անցնող ութ ամիսներին դեռևս ականատես չեղանք, մինչդեռ այդ պարագայում կարող էինք արդեն խոսել 2019թ. տեսանելի ու դրական արդյունքների մասին:

Օրեցօր բարդացող սոցիալ-տնտեսական իրավիճակին գումարվում է սպասվող կրճատումների մասին գույժը: Արդեն իսկ խոսել եմ բյուջետային համակարգի աշխատակիցների կրճատման անթույլատրելիության մասին: Պետք է ոչ թե կրճատել նախարարությունները և աշխատակիցներին, այլ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, դնել մարդկանց աշխատանքի պլանավորման, գնահատման և կոնկրետ արդյունք երաշխավորող հստակ չափորոշիչներ:

Դրա համար անհրաժեշտ է նախարարներ նշանակել ոչ թե անփորձ, այլ բանիմաց մարդկանց, որոնք ունեն նորարարական կառավարման փորձառություն և գիտելիքներ, առավել ևս, որ նոր իշխանության կազմում ունենք հաջողակ ղեկավարներ, ովքեր և լավ կառավարում են իրենց համակարգերը և հանրային ու ներգերատեսչական դրական ընկալում ունեն:

Հետևաբար սոցիալական ներկա ծանր պայմաններում թանկացումները, կրճատումները ոչ միայն չափազանց ծանր են անդրադառնալու մեր հայրենակիցների վրա, այլ նաև նվազեցնելու են ՀՆԱ-ի աճը, համախառն սպառումը, խթանելու են արտագաղթը՝ առաջացնելով հուսահատություն հանրության շրջանում: Գուցե արժե մեկ անգամ ևս ծանրութեթև անել նման պատասխանատու որոշումից առաջ:

Անվտանգության մասին՝ գլոբալ և տարածաշրջանային սպսռնալիքներն աճում են, մարտահրավերների պակաս չունենք: Վերջին փաստը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա նշանակումն է՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ոչ միայն առանց Հայաստանի պաշտոնական համաձայնության, այլ ավելին, անտեսելով հնչեցրած պաշտոնական դիրքորոշումները: Ընդունված որոշման արդյունքում ՀԱՊԿ հինգ երկրներ հայտնվեցին մի կողմում, Հայաստանը՝ մյուս: Իրողություն, որ առնվազն լուրջ խորհելու տեղիք պետք է տա: Եթե սրան գումարում ենք տարածաշրջանում աճող սպառնալիքները, Արցախի հարցում հնարավոր զարգացումները, պատկերն ավելի ամբողջական է դառնում:

Համոզված եմ, որ մի կողմից հակազդմանն ուղղված համակարգված քայլեր են անհրաժեշտ, մյուս կողմից անվտանգության համակարգերի զարգացման հստակ տեսլական:

Անկեղծ ուզում եմ հուսալ, որ նոր կառավարությունը կպայքարի առկա խնդիրների դեմ, օբյեկտիվորեն կգնահատի դրանք և կառաջարկի սթափ, պրագմատիկ լուծումներ»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ