17 12 2018

Զեյնալյանի նվերն իշխանություններին․ 168․am

Զեյնալյանի նվերն իշխանություններին․ 168․am

168.am-ը գրում է․ «Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Զեյնալյանին հարց ուղղեց. ի վերջո,  արդյոք նախարարին հաջողվե՞ց անկախ դատական համակարգ ձևավորել, թե՞ ոչ՝ հաշվի առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիտարկումը գաղտնալսման բովանդակության վերաբերյալ։

Ակնհայտ էր, որ Արդարադատության նախարարը շատ լավ ու հանգամանալից պատրաստվել էր այս հարցին, քանի որ վստահաբար գիտեր, որ այն իրեն տրվելու է։ Բայց ամբողջ հարցն այն է, որ եզրույթախեղդ արված ու իրավունքի գերակայության վկայակոչումներով լի ծավալուն պատասխանը միգուցե և արտաքուստ տպավորիչ էր, բայց հաստատապես այդ հարցի պատասխանը չէր։

Լրագրողը չէր հարցրել, թե որքանո՞վ է իրավաչափ մարդկանց գաղտնի ձայնագրելն ու այդ ձայնագրությունները հրապարակելը։ Բոլորին է հասկանալի, որ դա խիստ դատապարտելի երևույթ է, և խախտված են որոշակի հիմնարար իրավունքներ։ Սակայն լրագրողին ու հասարակության գերակշիռ մասին հետաքրքրում է նաև այն, որ դատական իշխանության անկախությունը որպես սկզբունք հռչակած նոր Կառավարությունն ինքն է շեղվում դրանից։

Հարցը սրա մասին էր, բայց նախարար Զեյնալյանը, ըստ երևույթին, խնդիր ուներ իր հերթին՝ շեղել մարդկանց ուշադրությունն այդ հարցից։ Սակայն որքան էլ նա փորձի հասարակության  ուշադրությունը բևեռել գաղտնալսման հրապարակումների բարոյական ու անվտանգային կողմի վրա, դրանից այն իրողությունը, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրահանգավորում են դատավորներին կամ գոնե նրանց մի մասին, ու, որ այդ արատավոր գործելակերպից նաև վարչապետն է առնվազն տեղյակ, չի փոխվում։

Ավելին, ասուլիսի այս հատվածից ստացված տպավորությունը հաճելիներից չէր և ընդամենը փաստեց ու ամրագրեց, որ Արդարադատության նախարարը դատական իշխանության անկախության հարցը կարևորում է զուտ դեկլարատիվ կերպով, կամ, եթե դա չի առնչվում պետության կյանքում կարևոր դերակատարություն ունեցող անձանց միջամտությանն իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքին։

Այս համատեքստում նախարարը նշեց, որ ինքը դատարաններին հրահանգներ չի տալիս։ Հասարակությունը դժվար թե սա նախարարի կողմից մեծ լավություն համարի. նորմալ է, որ Արդարադատության նախարարը դատարաններին հրահանգներ չի տալիս,  բայց նրա գործը նաև դատական համակարգի անկախությունն ապահովելն է, ինչը նա չի անում կամ չի կարողանում անել։

Իսկ գաղտնալսումների բովանդակությունը նույնքան կարևոր է, որքան դրանց հրապարակման անիրավաչափությունը, որովհետև դրանց բովանդակությունից երևում է, որ պակաս իրավունքներ չեն խախտվել պետական իշխանության բարձրագույն մարմինների առաջին դեմքերի կողմից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ