10 12 2018

Կես տարի անց ընտրություններում այլ պատկեր կգրանցվեր. կարծիք․ 168․am

Կես տարի անց ընտրություններում այլ պատկեր կգրանցվեր. կարծիք․ 168․am

«Կես տարի անց գուցե ընտրություններում այլ պատկեր գրանցվեր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլոժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու մասնակցության ցուցանիշին:

Խոսելով ընտրություններին մասնակցության մասին՝ Սկակովն ասաց, որ աշխատել է երկու գործոն: Ըստ նրա, առաջինն այն է, որ հասարակության շրջանում կար վստահություն, կանխատեսելիություն, որ հաղթելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը: «Դա կարծես ծրագրված էր, մարդիկ այդպես էին պատկերացնում: Ի դեպ, և՛ աջակիցները, և՛ հակառակորդները, որքան հասկանում եմ, նման կերպ էին տրամադրված: Երկրորդ գործոնը, ըստ իս, այն է, որ նախկինում մեծ դերակատարություն ուներ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, իսկ այս ընտրություններում դա բացակայում էր»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, նրա խոսքով, դրանք սպասելի էին:

«Այլ բան չէր կարելի սպասել, եթե ընտրություններն այս փուլում տեղի ունեցան: Եթե կես տարի անց անցկացվեին, գուցե պատկերն այլ լիներ, քանի որ չարդարացված սպասելիքներ կլինեին և այլ հանգամանքներ»,- ասաց Սկակովը:

Նրա կարծիքով, ընտրությունները հենց դեկտեմբեր ամսին անցկացնելու՝ Փաշինյանի դրդապատճառներից մեկն էլ հենց այդ հանգամանքն էր, որ կես տարի անց գուցե նման պատկեր չլիներ: Սակայն, ըստ Սկակովի, Փաշինյանի այդ ցանկության հարցում կար այլ պատճառ ևս: «Նա ամենայն հավանականությամբ ցանկանում էր աշխատել նորմալ խորհրդարանի հետ, որն արդյունավետ կաշխատի իր հետ»,- ասաց Սկակովը:

Ռուս քաղաքագետի կարծիքով` իշխող ուժը երկրի ներսում բավականին շատ անելիքներ ունի: «Մարտահրավերն այն է, թե արդյոք նա կկարողանա՞ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, բավարարել հասարակության  սպասելիքները, թե՞ ոչ»,- ասաց Սկակովը:

Անդրադառնալով արտաքին վեկտորներին` Սկակովն ասաց, որ նոր իշխանությունները պահպանելու են ՀՀ արտաքին քաղաքական վեկտորները՝ ելնելով իրողություններից և օրինաչափություններից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ