10 12 2018

Երեք նախագահների մոտիվացիաները․ 7or.am

Երեք նախագահների մոտիվացիաները․ 7or.am

Արդեն հայտնի է, որ ՀՀ ընտրողների կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը: Չմասնակցողները երկու հիմնական «մեսիջ» տվեցին՝

1. չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց մասնակիցների մեջ չեն տեսնում նրան այլընտրանք,

2. պահանջում են քաղաքական նոր ուժ:

Հետաքրքիր էր հետևել, թե ի՞նչ վարքագիծ են ցուցաբերելու ՀՀ նախկին նախագահները և ո՞ր խմբում են նրանք հայտնվելու՝ քվեարկողների՞, թե՞ չքվեարկողների: Այս մասին գրում է 7or.am-ը։

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանըհայտնվեցին քվեարկությանը մասնակցած 48,63 տոկոսի մեջ, իսկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չմասնակցած 51,37 տոկոսի մեջ:

Քվեարկությանը մասնակցած Սերժ Սարգսյանի մոտիվացիան հասկանալի է: Թեև նա անձամբ չէր ընդգրկված ցուցակում ու հրապարակավ չէր մասնակցում քարոզչությանը, սակայն նա ՀՀԿ առաջնորդն է և չէր կարող ընտրատեղամաս չգնալ: Կստացվեր, որ ՀՀԿ-ին ձայն չի տալիս այդ կուսակցության նախագահը, ինչը չէր հասկացվի: Այդ առումով Սարգսյանը, կարելի է ասել, ստիպված է գնացել ընտրատեղամաս, քանզի հրաժարականից հետո հրապարակային դաշտից հեռացել է և իրեն հարմարավետ է զգում այդ ռեժիմով:

ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի հաղթահարել անցողիկ շեմը: ՀՀԿ-ի խորհրդարան չանցնելը նշանակում է Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» ավարտի, այսպես ասած, փաստաթղթային ամրագրում:

Հասկանալի է նաև Ռոբերտ Քոչարյանի մոտիվացիան՝ չմասնակցել քվեարկությանը: 2-րդ նախագահն ապօրինի է համարում իր կալանավորումը և չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Քոչարյանը քաղաքական որոշմամբ է հայտնվել անազատության մեջ և քվեարկությանը չմասնակցելով՝ նա ցույց է տվել, որ մերժում է նոր իշխանությանը և կիսում է այն քաղաքացիների տեսակետը, որոնք յուրօրինակ ձևով բողոք են հայտնել ու Փաշինյանին այլընտրանք չտեսնելով 11 ուժերի մեջ՝ չեն գնացել քվեարկության:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ընտրությանը մասնակցել է զուտ որպես շարքային քաղաքացի, քանզի անհասկանալի է նրա քաղաքական մոտիվացիան որպես նախկին նախագահ, որը ֆորմալ գրանցում ունեցող կուսակցության ղեկավար է: Անհասկանալի, թե ո՞ւմ օգտին է քվեարկել նա, քանզի Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցում ընտրությանը:

Փաշինյանի նկատմամբ զուտ մարդկայնորեն Տեր-Պետրոսյանը հակակրանք ունի, ես կասեի՝ քաղաքական խանդ: Այլ հարց է, որ քաղաքական ու աշխարհայացքային առումով երկուսն էլ նույն միջավայրին են պատկանում:

Մեկ բան հստակ է, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական կյանքից հեռացել է և հիմա պետք է ընդամենը հույս ունենա, որ ներքաղաքական գործընթացները չեն բերի 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված հանցագործությունների վերաբացմանը:

Եվ այսպես, երեք նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ վերցրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժող դրոշակը և հիմա նա բանտում է: Մյուս երկու նախագահները հանձնվել են: Մեկը հայտարարել է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Իսկ Տեր-Պետրոսյանը սկզբում ներքուստ չի ողջունել «թավշյա» գործընթացները, իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ստիպված փորձել է ինտեգրվել «հեղափոխականներին», բայց մերժվել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ