10 12 2018

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին մտահոգել է ընտրությունների ֆինանսավորման կարգը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին մտահոգել է ընտրությունների ֆինանսավորման կարգը

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում, վայելել են ժողովրդի լայն վստահությունը: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ Պետեր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց եզրակացությունը: «Խախտումները բացակայել են, քվեների առք ու վաճառք, ճնշումներ տեղի չեն ունեցել, ինչը թույլ է տվել իրականացնելու իրական մրցակցություն»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այս ընտրությունները Հայաստանին բերել են լավ էներգիա: «Այս ընտրություններում կար բնակիչների վստահությունը: Նախորդ անգամ մեր վարորդը, որը մեզ տանում էր տեղամասից տեղամաս, ասում էր, որ հույս չկա Հայաստանում, բայց երեկ ես այն մարդկանցից մեկն էի, որ տեսա՝ հույս կա»,- հավելեց նա: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչի՝ որոշակի մտահոգություններ է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը:

ԵԽ պատգամավոր Հեիդի Հաութալանն էլ իր ասաց, որ Եվրոպայի խորհրդարանը շատ հետաքրքրված է Հայաստանի զարգացումներով: Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարվում են քայլ դեպի ժողովրդավարության զարգացում: «Կուսակցությունների համար կարճ ժամանակ կար նախապատրաստվելու ընտրություններին: ԿԸՀ-ն շատ բարձր մակարդակով անցկացրեց այս դժվար միջոցառումը»,- ասաց նա։ Հեիդի Հաութալան հույս հայտնեց, որ ընտրական գործընթացի վատ պրակտիկան չի ժառանգվի, կանցկացվեն ավելի բաց ու ավելի ազատ ընտրություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ