10 12 2018

«Լուսավոր Հայաստանը» քաղաքակրթական ու արժեքային ընդդիմություն է. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» քաղաքակրթական ու արժեքային ընդդիմություն է. Էդմոն Մարուքյան

Շատ մեծ աշխատանք է կատարվել, շատ մեծ ճանապարհ է անցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ շնորհակալություն հայտնելով թիմի հավատարիմ անդամներին։

Էդմոն Մարուքյանը հրապարակեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ 

«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և երախտագիտություն հայտնում մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք սա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն իրապես ունի ազատական ու եվրոպական մոդելի երկիր կառուցելու անվերապահ պահանջ»,- ասաց նա։ 

ԼՀԿ նախագահը նշեց, որ դեկտեմբերի 9-ին ավարտվեց հեղափոխությունը և թևակոխեցինք համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող ու հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։ Մարուքյանի խոսքով իրենք՝ որպես խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժ, բաց են արտախորհրդարանական ուժերի ու անհատների հետ աշխատելու համար։ 

«ԼՀԿ-ն քաղաքակրթական ու արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը, միաժամանակ մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսն ու քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանքը, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի առաջնահերթություններից մեկը։ Մենք հավատարիմ ենք ԼՀԿ  որդեգրած արժեքներին ու սկզբունքներին»,- ԼՀԿ խորհրդի հայտարարությունը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ